ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) քննարկում է հաջորդ երեք տարիների համար ստանալիք դրամաշնորհը տնօրինելու հարցը: Երեկ հանձնաժողովի նիստին Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հայտարարել է, որ քանի որ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը պակասեցրել է գումարի չափը, հաջորդ երեք տարիների համար սահմանելով 5 միլիոն դոլար, աշխատանքային խումբը պետք է հնարավորինս արդյունավետ պլանավորի ծախսերը:
Փոխնախարարն առաջարկել է նախկինում գումարը տնօրինող երկու կառույցներից՝ Առողջապահության նախարարությունից և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունից թողնել միայն Առողջապահության նախարարությունը: Այս առաջարկը հարուցել է հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչների դժգոհությունը:
«Առաքելություն Արևելք» կազմակերպությունը, որն աշխատում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ող ապրող, թմրադեղեր օգտագործով անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների հետ, ունի անձնանց ինքնությունը գաղտնի պահելու սկզբունք: Ինչպես երեկ նիստին նշել է «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, այդ գաղտնի տվյալները չեն կարող վստահվել Առողջապահության նախարարությանը, որը մաս է կազմում, իր խոսքով, անհանդուրժողականությունը խրախուսող, հոմոֆոբ քաղաքականություն վարող Կառավարության:
Վահան Պողոսյանն ասել է, որ այս հարցրերը միմյանց հետ բացարձակապես կապ չունեն:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն էլ ասել է, որ այս տարի Գլոբալ հիմնադրամը շեշտադրել է, որ խտրականությունից զերծ մնալը դառնա բոլոր երկրներում գործունեության առանցքը, ուստի այս փաստը պետք է հաշվի առնվի:
Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո-մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, ով ներկա էր նիստին, հայտարարել է, որ եթե դրամաշնորհը ստացողներին փոխելու ցանկություն կա, ապա դա պետք է հիմնավորվի: Նման հիմնավորում չկա, քանի որ «Առաքելություն Արևելքի» աշխատանքից որևէ հիմնավոր դժգոհություն չի բերվում:
Միջոցառումները համակարգող հանձնաժողովում հնչել է երկու առաջարկ ևս. որ գումարը ստացող կազմակերպությունները մնան նույնը, կամ որ «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը փոխարինվի Երիտասարդական հիմնադրամով: Այս առաջարկն արել է Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկտրչյանը: Նրա ներկայացուցիչը նույնիսկ պնդել է, որ եթե Երիտասարդական հիմնադրամը դառնալու է դրամաշնորհի ստացող, ճիշտ կլինի, որ այն նաև ներկայացված լինի աշխատանքային խմբում:
Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ նիստին: