Home / Տեսանյութեր / «Երկիրն անդունդն է գլորվում»․ Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

«Երկիրն անդունդն է գլորվում»․ Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27֊ի լույս 28֊ի գիշերը սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։ Ռուսաստանյան ԶԼՄ֊ների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 23։40֊ի սահմաններում՝ Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջի վրա, երբ Նեմցովի ուղղությամբ սպիտակ մեքենայից մի քանի կրակոց են արձակել։ Ստացված վիրավորումներից քաղաքական գործիչը մահացել է տեղում։ ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպանության վայրում հայտնաբերվել է վեց պարկուշտ, թիկունքից չորս կրակոց հասել է թիրախին։ Իր հերթին, Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ արձակվել է յոթ կամ ութ կրակոց։ 

«Նա կամրջի վրայով քայլում էր մի աղջկա ուղեկցությամբ, երբ անհայտ անձը դուրս է եկել մեքենայից, չորս կրակոց արձակել ու փախուստի դիմել»,֊ «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ՆԳՆ֊ում աղբյուրը։ «LifeNews»֊ի փոխանցմամբ՝ Նեմցովին ուղեկցող երիտասարդ կինն Ուկրաինայի 23֊ամյա քաղաքացի Աննա Դուրիցկայան է եղել։ 

Բլոգեր Գեորգի Մալեցը դեպքի վայրից մի քանի լուսանկար է հրապարակել, իսկ «LifeNews»֊ը տարածքում առկա տեսախցիկներից կադրեր է տարածել, որոնց վրա երևում է «Ֆորդ» մակնիշի սպիտակ մեքենա։ Ենթադրաբար, Նեմցովի վրա կրակել են հենց այդ մեքենայից։ 

1nemtsov

Նեմցովի սպանությանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտարարել է, որ «սպանությունը պատվիրված է ու սադրանքի նշաններ է պարունակում»։ Նախագահը ՌԴ ԱԴԾ֊ին, ՆԳՆ֊ին ու Քննչական կոմիտեին հանձնարարել է հետաքննչական խումբ ստեղծել ու հանցագործությունը վերցնել անձնական վերահսկողության տակ։ 

Նեմցովի փաստաբան Վադիմ Պրոխորովը «Ինտերֆաքս»֊ին հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Նեմցովը սպառնալիքներ էր ստացել սոցցանցերի միջոցով։ «Մենք անգամ Ոստիկանություն դիմեցինք, բայց արձագանք չեղավ»,֊ ասել է նա։ 

«Համերաշխություն» շարժման անդամ Իլյա Յաշինն ու լրագրող, հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը դեպքի վայրում

2nemtsov

Ընդդիմադիր Բորիս Նեմցովը «Համերաշխություն» շարժման առաջնորդներից էր, «ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահը, Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր։ Նեմցովը մարտի 1֊ին անցկացվելիք «Վեսնա» (Գարուն) երթի կազմակերպիչներից էր։ Այժմ ակնկալվում է, որ ակցիայի ձևաչափը կփոխվի։ Կազմակերպիչներից Լեոնիդ Վոլկովը «Թվիթեր»֊ի իր էջում գրել է․ «Մենք նոր քաղաքական իրականությում ենք գտնվում, ու դրանում տեղ չկա կանաչ փուչիկներով ու դրոշակներով մարտիմեկյան երթի համար»։ Վոլկովի խոսքով՝ փոխարենը մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում տեղի կունենա սգո երթ։ 

Նեմցովի սպանությունը դատապարտել են մի շարք տեղական ու օտարերկրյա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել ՌԴ իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը և պատժել մեղավորներին։

Նեմցովի դաշնակից, «ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը, իր հերթին, գրել է․ «Ընկերոջս սպանել են Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի պատի մոտ։ Ցուցադրաբար։ Այս արարքով մեզ բոլորիս՝ Ռուսաստանի ազատամիտ մարդկանց, ցույց են տալիս, թե ինչպես են այսօրվա Ռուսաստանում վարվում ազատ խոսքի հետ։ Կարո՞ղ էինք դեռ երեկ պատկերացնել, որ ընդդիմության առաջնորդին կսպանեին Կրեմլի պատի մոտ։ Չէինք կարող։ Երկիրն անդունդն է գլորվում»։