Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդական առաքելությունը հաջողված կարելի է համարել։ Այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքական ակտիվ գործունեությունը լքելու որոշմանը և դրանում Մոսկվայի ունեցած դերակատարմանը:
Ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում բավական լարված և սուր իրավիճակ էր ստեղծվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կտրուկ մտքերի փոխանակումից հետո, երբ ընդդիմադիր ուժերը փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետի կողմից չարտոնված հանրահավաք էին հրավիրել:
Արեշևի կարծիքով՝ բնականաբար, իրավիճակը բավականին լարված էր, որի համար ռուսաստանաբնակ ձեռներեց Սամվել Կարապետյանի կողմից միջնորդական ռեսուրսներ ներդրվեցին: «Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ խոշոր գործարարին շատ լավ են ճանաչում ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում: Բնականաբար, գնահատելով իրավիճակը, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար այսօր գոյություն ունեն շատ լուրջ խնդիրներ, այդ թվում և ամենաառանցքայինը` վատթարացող հարաբերություններն Արևմուտքի հետ և ուկրաինական ճգնաժամը: Ուստի, ի դեմս Սամվել Կարապետյանի, իրավիճակի համար գտնվեց հարմար լուծում, որպեսզի արգելափակվի այն հակամարտությունը, որն առաջացել էր հայաստանյան ներքաղաքական դաշտում և հասունանում էր` սպառնալով հանգեցնել ՀՀ-ում ներքաղաքական դեստաբիլիզացիայի: Իմ կարծիքով` մենք գործ ունեցանք արդյունավետ միջնորդական աշխատանքի հետ, երբ մաքսիմալ կերպով ներդրվել են հայկական Սփյուռքի և հայկական բիզնեսի ռեսուրսները, որոնք սերտ կապված են Հայաստանի հետ, և Ռուսաստանի հայերը չեն կարող անմասն մնալ այն ամենից, ինչ Հայաստանում է կատարվում, հատկապես՝ երկրի համար ճգնաժամային փուլերում: Սամվել Կարապետյանի դերակատարությունը եղավ հաջողված, հաջողվեց հասնել որոշակի պայմանավորվածությունների, որոնք ամրապնդվեցին երեկ «Բարգավաճ Հայաստանի» հրավիրած համագումարի տեսքով»,- մեկնաբանել է Արեշևը` ավելացնելով, որ այժմ արդեն քաղաքական ուժերը պետք է հանգեն ներքաղաքական այնպիսի համակարգային պայմանավորվածությունների, որպեսզի հետագայում լուծվեն այն խնդիրները, որոնք Հայաստանում ծնում են սոցիալական անկայունություն:
Հարցին՝ արդյո՞ք բացառում է ռուսական գործոնը, վերլուծաբանը պատասխանել է. «Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, լուրջ և ամենաէական ռազմաքաղաքական գործընկերը Հարավային Կովկասում, և որևէ մեկը հետաքրքրված չէ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ սկսվի հերթական դեստաբիլիզացիան, որը հղի է վտանգավոր հետևանքներով: Մյուս կողմից՝ կասեմ, որ Ռուսաստանը չի միջամտում իր գործընկեր երկրների ներքաղաքական գործընթացներին: Պարզապես փորձում են օգտագործել այն հնարավորությունները, սերտ կապերը, որոնք ունեն հայկական ծագմամբ ռուսական բիզնեսները: Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի երեխաների քավորն է եղել: Այդ լուծումը գտնվեց, և ես դա միայն դրական եմ գնահատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում