«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է իր՝ hahr.am պաշտոնական կայքի վրա հաքերային հարձակման մասին։ Իրավապաշտպաններն այս միջադեպը կապում են դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի վերաբերյալ «Ահազանգ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից՝ կալանավորի կյանքին վտանգ է սպառնում» հրապարակման հետ։
Կազմակերպության իրավաբան Գայանե Խաչատրյանը հարձակման մասին Ֆեյսբուքում գրել է․ «Արդեն երկրորդ անգամ է՝ Հրաչյա Գևորգյանի վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիայի կայքում նյութը տեղադրելուց և այն տարածելուց հետո Հելսինկյան ասոցիացիայի hahr.am կայքը կոտրվում է: Կայքի մասնագետի խոսքերով՝ կայքի վրա հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի տարածաշրջանից: Կարծում ենք՝ երկրորդ անգամ սա զուգադիպություն չի կարող լինել: Ներկայումս կատարվում են աշխատանքներ կայքը վերականգնելու համար»:
«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպանները երեկ հայտնել էին, որ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի կյանքին վտանգ է սպառնում: Նրան անցյալ շաբաթ «Արմենիա» բժշկական կենտրոնից վերադարձրել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կալանավորն իրեն դարձյալ վատ է զգացել՝ նա շատ թույլ է եղել, չի կարողացել քայլել: Պաշտպանի հետ հանդիպմանը նրան բերել են սայլակով:
Գևորգյանին այցելած Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այսօր հաստատել է, որ Գևորգյանը վատառողջ է եղել և չի կարողացել խոսել, գրավոր հաղորդակցվելու միջոցով հայտնել է իրեն հուզող խնդիրները և որ իր կյանքին վտանգ է սպառնում: ՄԻՊ արագ արձագանքման խմբի այցելությունից հետո Հ.Գևորգյանի խուցը գտնվում է հսկողության տակ: