Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի հարազատների նամակներն ուղղված Սերժ Սարգսյանին ընթացքի մեջ են դրվել, և պատասխանը կլինի առաջիկա երկու օրում: Այս մասին Գևորգյանի փաստաբան Վահագն Մանուկյանին էլեկտրոնային նամակով հայտնել են ՀՀ նախագահի նստավայրից:
Երկու նամակների պատասխանը ստանալու համար Գևորգյանի հարազատները նախագահական նստավայր էին եկել երեկ, սակայն նրանց խնդրել էին ապրիլի 1-ին գալ:
Գևորգյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման Ուկրաինայում՝ մեղավոր ճանաչվելով ավազակային հարձակման և երկու մարդու սպանության մեջ:
Սերժ Սարգսյանին ուղղված նամակները գրեթե նույնաբովանդակ են․ դրանցից մեկը գրվել էր դեռևս 2014 թվականի հուլիսի 11-ին, սակայն պատասխան մինչ օրս չի տրվել: Մյուս նամակը Գևորգյանի մայրը՝ Հասմիկ Վանյանը, ուղարկել էր 10 օր առաջ: Վանյանը նամակում նշել էր, որ իր որդու դեմ վճիռը ապօրինի է: Նա փաստեր էր ներկայացրել՝ ցույց տալու, որ իր որդուն Ուկրաինայում ծեծել են բերման ենթարկելիս, փաստաբան չեն տրամադրել։ Մոր խոսքով՝ որդուն ընտրել են որպես քավության նոխազ ու նրա վրա բարդել չկատարած հանցանքը: Վանյանը խնդրել է Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ քաղաքացիների հովանավոր, տեր կանգնել որդուն և արդարադատություն պահանջել:
Վանյանը դիմել է նաև ՀՀ արտգործնախարարությանը, որը գործով զբաղվել հանձնարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը:
Երեկ կինը բողոքի ակցիա էր անցկացրել նաև Ուկրինայի դեսպանատան առջև, սակայն ուկրաինացի դիվանագետը նրան հորդորել էր դիմել ՀՀ իշխանություններին:
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում.