Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթի մոտ գտնվող թուրքական և օսմանական արվեստի թանգարանը 1915 թվականին ծառայել է որպես բանտ, և հենց այստեղ է դրվել Հայոց ցեղասպանության սկիզբը։ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան այստեղ են հավաքել 235 հայ մտավորականներին և շոգենավով տարել Ստամբուլի ասիական մասում գտնվող կայարան, որտեղից էլ գնացքներով ուղարկվել են երկրի արևելք, որտեղ նրանց մեծ մասին սպանել են։ 2015 թվականի ապրիլի 24-ին «100 տարի, վերջ ժխտմանը» շարժումը Ստամբուլում ակցիա է անցկացրել՝ կրկնելով հայազգի մտավորականների ճանապարհը և Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
Շարժումը միավորել է 4 կազմակերպությունների՝ Մարդու իրավունքների ասոցիացիա, «Նոր Զարթոնք» նախաձեռնություն, ԶԱՆ (քրդերեն՝ հասկանալ) հիմնադրամ և «Առերեսվելու հարթակ»։
Ակցիայի մասնակիցները նախ հավաքվել են նախկին բանտի մոտ, ապա նավով մեկնել են դեպի Հայդարփաշա կայարան։ Կայարանն այժմ չի գործում, իսկ քաղաքային իշխանություններն այն հյուրանոց դարձնելու ծրագիր ունեն։
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են կոտորված և արտաքսված հայ մտավորականների պաստառներ, ինչպես նաև 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Շահին Բալիքչիի նկարով պաստառը։ Ակցիայի ընթացքում ելույթներ են հնչել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով։
Տեսանյութում միջոցառման մասին պատմում է Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ Հրանտ Գասպարյանը: