Home / Հայաստան / Ինչո՞ւ է ՀԷՑ֊ը Արաբկիրում 2.3 հազար դոլարով տուն վարձում․ «ՀԺ»

Ինչո՞ւ է ՀԷՑ֊ը Արաբկիրում 2.3 հազար դոլարով տուն վարձում․ «ՀԺ»

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»֊ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած 160 քառակուսի մետր մակերեսով առանձնատներից մեկը գտնվում է Երևանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ, և այդ գումարը ամբողջությամբ ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Արժե՞ արդյոք ամսական ավելի քան 2 հազար 300 դոլար վճարել այս առանձնատան համար: ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալները համադրելով կստացվի, որ այս տունը արժե մոտավորապես 60 միլիոն դրամ: Ամեն ամիս 1.110 միլիոն դրամ վճարելով, մոտ 4.5 տարի անց ՀԷՑ-ը մուծած կլինի առանձնատան ամբողջ գինը: Բայց 4.5 տարվա ընթացքում վճարելով առանձնատան ամբողջ գինը, ՀԷՑ-ը ետ կվերադարձնի այն սեփականատիրոջը: Հենց միայն այս հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը հսկայական գումարներ պարզապես քամուն է տալիս: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե որքան գումար է փոշիացնում ՀԷՑ-ը, ապա նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն՝ ՀԷՑ-ը թվով 3 հազար 300 պայմանագիր ունի անշարժ գույք վարձակալելու մասին: Հենց միայն ներկայացված առանձնատան օրինակը ցույց է տալիս, որ անշարժ գույք վարձակալելու մասին ՀԷՑ-ի կնքած բոլոր պայմանագրերը ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության: Եվ ոչ միայն պարզելու համար, թե արդյո՞ք վարձակալության գումարը համապատասխանում է շուկայական գներին, թե ոչ: Ամենակարևորը պետք է պարզել, թե ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք տվյալ առանձնատունը կամ բնակարանը, որքանո՞վ է դա անհրաժեշտ ՀԷՑ-ի կենսագործունեության համար: Ինչո՞ւ պետք է այս կամ այն առանձնատունը վարձելու համար վճարի սպառողը: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարների կամ շարքային աշխատողների բնակարանի վարձը վճարենք մենք սպառողներս: Չէ՞ որ մեր բնակարանների վարձերը մեր գործատուները չեն վճարում», ֊ նշում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi