2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Գյումրիում բերման ենթարկված ակտիվիստների վրա կապտուկներ են հայտնաբերվել․ փաստաբան

Գյումրու Թատերական հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող խաղաղ նստացույցից բերման ենթարկված 13 քաղաքացիների վրա, այդ թվում` խուլիգանության մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանի, հայտնաբերվել են կապտուկներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն է կիրառվել, և դա բացահայտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հայրապետյանը նշել է, որ մարդկանց հագուստն արդեն իսկ վերցվել է փորձաքննության, որպեսզի պարզվի՝ արդյոք հագուստի մանրաթելերում կան ոստիկանների միկրոմասնիկներ: Քանի որ այդ փորձաքննությունը չի կատարվում Շիրակի մարզում, պատասխանները ձգձգվում են, և հագուստները դեռ չեն վարդարձվում:

Բացի հագուստից, ոստիկանությունն առգրավել էր նաև բերման ենթարկվածների ավտոմեքենաները: Այդ որոշումը կողմը բողոքարկել էր, քանի որ մեքենաները բերման էին ենթարկվել նստացույցի վայրից բավական հեռու գտնվող կայանատեղիից՝ առանց դրանց տերերին իրազեկելու:  

Լուսանկարում՝ Կարեն Պետրոսյանը, aravot.am