Home / Տեսանյութեր / Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն ստացավ․ բողոքողների դեմ արցունքաբեր գազ կիրառեցին

Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն ստացավ․ բողոքողների դեմ արցունքաբեր գազ կիրառեցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախնական արդյունքներով հաղթանակ է տարել նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Քվեների 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ 550 հոգանոց խորհրդարանում «Արդարությունն ու զարգացումը» կունենա 316 պատգամավոր։ Էրդողանի կուսակցությունը հավաքել է քվեների 49.7 տոկոսը, սակայն մեծամասնություն է ստացել, քանի որ Թուրքիայում գործող օրենքի համաձայն, այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարում 10%֊ի շեմը, իրենց քվեները փոխանցում են ընտրատեղամասում առաջին տեղը զբաղեցրած կուսակցությանը։ 85 նահանգներից մեծ մասում հաղթել է «Արդարություն և զարգացումը»։ Վերջնական արդյունքները հրապարակվելու են 11 օր անց։

Ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել ընդդիմադիր Ժողովրդա֊հանրապետական կուսակցությունը (CHP), որը հավաքել է 25.4 տոկոս և 134 տեղ ստացել խորհրդարանում։ Ի տարբերություն այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրությունների, մեկ հորիզոնականով բարձրացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որը հավաքել է 10.7 տոկոս և 59 տեղ կունենա։ 4-րդ տեղում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը հավաքել է 11.9 տոկոս և 41 տեղ ստացել խորհրդարանում։ Քրդամետ կուսակցությունը ազգայնականներից անցել է վերոնշյալ օրենքի օգնությամբ, քանի որ քրդերով բնակեցված արևելյան մի շարք նահանգներում HDP-ն հաղթանակ է տարել։

Չնայած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակին, Էրդողանի կուսակցությունը չի կարողացել 330 տեղ ստանալ խորհրդարանում, ինչը հնարավորություն կտար փոխել Սահմանադրությունը և անցնել կառավարման նախագահական համակարգի։

Ընդդիմադիր կուսակցությունները և անկախ դիտորդներն արդեն իրենց մտահագությունն են հայտնել ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, ընդդիմադիր HDP֊ի համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախընտրական փուլն անցել է անհավասար պայմաններում՝ ընդգծելով․ որ իր կուսակցությունը բռնաճնշումների է ենթարկվել, իսկ իշխանության ընդդիմախոսների հավաքների ժամանակ 2 դեպքում ահաբեկչական գործողություններ են իրականացվել՝ հուլիսի 20-ին Սուրուչում և հոկտեմբերի 10-ին Անկարայում։ HDP֊ի համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը, իր հերթին, ընդգծել է, որ նախորդ ընտրություններից ի վեր, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել ձայների մեծամասնությունը ստանալ, HDP-ի ավելի քան 500 կողմնակից ձերբակալվել են, իսկ կուսակցության 190 գրասենյակ երկրի տարբեր հատվածներում հարձակման է ենթարկվել։

Ընտրությունների օրվա ընթացքում անկախ դիտորդներն Էրդողանի կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին են բարձրաձայնել, արձանագրել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին մի քանի ընտրատեղամասերում ծեծի ենթարկելու դեպքեր։ Նոյեմբերի 1-ին երեկոյան քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքում մի քանի հարյուր մարդ ակցիա է անցկացրել՝ բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ։ Ոստիկանությունը ցրել է հավաքվածներին՝ արցունքաբեր գազ կիրառելով։ Բախումների ընթացքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչ֊որ ժամանակով փակել են կենտրոնական փողոցներից մեկը։  

diarbekir1