Home / Դատարան / ՄԻԵԴ֊ի վճռից հետո քաղաքացուն վերադարձրել են իրենից խլած հողատարածքը

ՄԻԵԴ֊ի վճռից հետո քաղաքացուն վերադարձրել են իրենից խլած հողատարածքը

Երևանի բնակիչ, 49֊ամյա Կարեն Պողոսյանը հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)՝ ապացուցելով, որ Երևանի քաղաքապետարանն 2008 թվականին իրեն պատկանող հողատարածքն ու շինությունը ապօրինաբար վաճառել է երրորդ անձի։

Վաճառքի մասին իմանալուց հետո Պողոսյանն այդ երրորդ անձին փաստեր է ներկայացրել առ այն, որ հողն օրենքով իրեն է պատկանում արդեն 8 տարի։ Պողոսյանը նշել է, որ Երևանի արվարձաններում գտնվող 1000 քմ հողատարածքը և դրա վրա գտնվող կիսակառույցը խնամել է 1991 թվականից ի վեր։ 2001 թվականին, օգտվելով ձեռքբերման վաղեմության իրավունքից, դիմել է դատարան՝ տարածքը սեփականաշնորհելու համար։ Առաջին ատյանի դատարանն ընդունել է դիմումը, և Պողոսյանը հողը գնել է մոտ 1.5 միլիոն դրամ կադաստրային արժեքով, գրանցել, ստացել վկայական Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, այդ ժամանակից ի վեր վճարել հարկեր։

2009 թվականին Քաղաքապետարանը դիմել է Վերաքննիչ դատարան և պահանջել բեկանել 8 տարի առաջ կայացված առաջին ատյանի դատարանի ակտը, որով Պողոսյանը ձեռք էր բերել հողատարածքը։ Դրա իրավունքը Քաղաքապետարանը չուներ, քանի որ անցել էր բողոքարկման ժամկետը։ Ուշացումը Երևանի իշխանությունները բացատրել են նրանով, որ տեղյակ չեն եղել Առաջին ատյանի վճռից։ Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի բողոքը բավարարել է և վերացրել Պողոսյանի սեփականության իրավունքը։ Վճռաբեկ դատարանը Պողոսյանի բողոքը վարույթ չի ընդունել, ուստի Պողոսյանի դիմել է միջազգային դատարան 2009 թվականի նոյեմբերին։

ՄԻԵԴ֊ը 2016 թվականի հունիսին վճիռ է կայացրել Պողոսյանի օգտին։ Դատարանը համարել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել՝ ինչու է Քաղաքապետարանի՝ 8 տարվա վաղեմության հայցը ընդունել վարույթ, մինչդեռ, ըստ Հայաստանի օրենքների, նման դատական ակտը կարող էր վիճարկվել հրապարակումից 3 ամվսա ընթացքում միայն։ ՄԻԵԴ֊ն ընդունել էր, որ խախտվել է Պողոսյանի արդար դատաքննության իրավունքը և սեփականության իրավունքը։

Քաղաքացին պահանջում էր 92 հազար եվրո գույքային վնասի փոխհատուցում և 2 հազար եվրո որպես ոչ գույքային վնասի փոխհատուցում։ Փոխհատուցման հարցը քննարկելու համար՝ ՄԻԵԴ֊ը ՀՀ Կառավարությանը խնդրել է ներկայացնել իր առաջարկը։ ՄԻԵԴ֊ի վճռից մի քանի ամիս անց՝ 2016 թվականի սեպտեմբերին, ՀՀ Վերաքննիչ դատարանը վերաբացել է գործը և վերականգնել է Պողոսյանի սեփականության իրավունքը։ Այսպես՝ գույքային վնասի հարցը վերացել է։

2018 թվականի մարտի 29֊ին ՄԻԵԴ֊ը պարտավորեցրել է ՀՀ Կառավարությանը Պողոսյանին վճարել 2400 եվրո՝ որպես ոչ գույքային վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։

Tekali Taxi