Home / Դատարան / Ղարաբաղում վերաբնակեցված ընտանիքից ապօրինաբար խլել են տունը

Ղարաբաղում վերաբնակեցված ընտանիքից ապօրինաբար խլել են տունը

11 տարի առաջ՝ 2007 թվականին, երևանաբնակ Էլվիրա Արզաքանյանի ընտանիքը՝ մայրը, ամուսինը և երկու որդիները, Ղարաբաղում վերաբնակեցվելու ծրագրով տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղ։

Վերաբնակեցման ծրագրի համաձայն՝ ընտանիքին տարամադրել են 3 սենյականոց նորակառույց տուն։ Համաձայն պայմանագրի՝ ընտանիքի որևէ անդամ պետք է 10 տարի շարունակ ապրեր այդ տանը, և միայն դրանից հետո տունը կարող էին սեփականաշնորհել։ Բացի դա, 10 տարիների ընթացքում նրանք իրավունք չունեին 3 ամսից ավել բացակայել տնից։

2007-2012 թվականներին նրանք ապրել են այդ տանը։ Ընտանիքի 3 անդամներն աշխատել են գյուղի դպրոցում՝ որպես ուսուցիչներ։ Էլվիրայի ամուսինն աշխատել է նաև որպես անասնաբույժ։

2012 թվականին Վարդուտում նորից ուսուցիչներ են վերաբնակեցնում։

«Մեր ժամերը շատ կրճատվեցին, գումարը չէր բավականացնում, որ ապրեինք,  ես, ամուսինս և երեխաներս եկանք հետ՝ Երևան։ Իսկ մայրս՝ 2-րդ կարգի հաշմանդամ, 50 տարվա փորձով մանկավարժ Կարինե Փիրումյանը, շարունակում էր աշխատել Վարդուտի դպրոցում և ապրել այդ տանը», – պատմում է Էլվիրան։

2017 թվականի ապրիլին, երբ արդեն լրացել էր Կարինե Փիրումյանի՝ 10 տարի այդ տանն ապրելու ժամկետը, մեկնում է Երևան՝ բուժում ստանալու, քանի որ Ղարաբաղում չկար անհրաժեշտ բուժսպասարկում։

«Ապրիլ ամսին, երբ մայրս գալիս է Երևան, հիշելով, որ պայմանագրի կետերի համաձայն 3 ամսից ավել չպետք է բացակայի այդ տանից, 2017 թվականի հունիսի 30-ին նա վերադառնում է տուն և թոշակ ստանում։ Ես ունեմ դա հաստատող տեղեկանք։ Հետո վերադառնում է Երևան՝ բուժումները շարունակելու։ Սեպտեմբերի 26-ին, այսինքն, երբ չի լրանում 3 ամիսը, նա վերադառնում է թոշակ ստանալու, որ գումար ունենա՝ բուժումը շարունակելու»։

2017 թվականի սեպտեմբերին Կարինե Փիրումյանն արդեն կարող էր սեփականաշնորհել տունը, սակայն Քաշաթաղի վարչակազմը որոշում է տունը հետ վերցնել, և այլ ընտանիք է վերաբնակեցնում այնտեղ։

Կարինե Փիրումյանը դիմել է Ղարաբաղի դատարան, սակայն և՛ Առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ դատարանները, մերժել են նրան։ Նրանք նշել են, որ կինը հոսանք չի օգտագործել այդ տանը և դա ապացուցում է, որ նա 3 ամիսից ավել տնից բացակայել է՝ դրանով էլ խախտելով պայմանագրի կետերը։

«Դատարանը նշում է, որ մայրս եկել է թոշակ ստանալու մի քանի ամիսը մեկ, բայց չեն նշում, որ դեռ 3 ամիսը չլրացած է վերադարձել Ղարաբաղ։  Այսինքն՝ վերաբնակեցման պայմանագիրը չի խախտվել»։

Կինը դիմել է Վճռաբեկ դատարան՝ հույս ունենալով, որ գոնե այդ ատյանը ուշադրություն կդարձնի 3 ամիսը լրացած չլինելու հանգամանքին։

– Ինչո՞ւ են այսպես անում

– Միշտ ասում էին՝ էլի տներ են կառուցելու, որ աշակերտների թիվը պահպանվի։ Բայց տները չկառուցվեցին, չգիտես ինչի։ Կարծում եմ՝ դա խախտում է։ Երբ մենք գալիս էինք բնակվեու, ասում էին նաև դպրոցում պահպանվելու է աշակերտաքանակը։ Իսկ հիմա դպրոցում  աշակերտ ապահովելու համար մորս տանից զրկել են, բերել են այնպիսի ընտանիք, որ ունի 5 երեխա և դպրոցի աշակերտաքանակն են ապահովել․․․ Փոխանակ տուն կառուցեն, մեր տունն են վերցնում, որ նոր աշակերտներ բերեն։

– Ի՞նչ է նշանակում Ղարաբաղում ապրել

– Վարդուտում կա 8 տուն, 1 հանրակացարան, որտեղ ևս 8 ընտանիք է ապրում։

․․․Երբ մեզ տանում էին Ղարաբաղ, շատ լավ էին ներկայացնում ամեն ինչ։ Ասում էին՝ ապահովված կլինենք աշխատանքով, կկարողանանք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։ Բայց հակառակը եղավ․ աշխատանքը կրճատվեց, առանց նոր տներ կառուցելու, նոր ուսուցիչներ բերեցին, հանրակացարանում բնակեցրին, ժամերը կրճատվեց, մենք գումար չունեինք, որ ապրեինք։

Շատ  զրկանքներ ենք կրել, խանութ չկար, տրանսպորտ չկար։ Մինչև Բերձոր քաղաք պետք է սեփական մեքենայով գնայինք, որ առևտուր անեինք։

Ղարաբաղում մի զանգով կորոշվի՝ դու տուն կունենա՞ս, թե չէ։ Գերագույն դատարանն էլ ասում է, եթե կա խախտում, այդ դեպքում, գործը վարույթի կվերցնենք։ Պատկերացնո՞ւմ եք։ Խախտումը պարզ երևում է։