Home / Հայաստան / Բաքուն բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության է պատրաստվում

Բաքուն բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության է պատրաստվում

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջև ծագած հակասություններին, Քավանոյի կարծիքով, կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները.

«Նրանք, հավանաբար, նույն փաստաթուղթն են կարդում, սակայն՝ տարբեր կերպ: Հակառակ դեպքում, անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ»:

Քերի Քավանոյի խոսքով, թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են. «Թեև Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, ես նկատել եմ, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը, ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը: Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարներով»:

Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբից, հիշեցնում է միջնորդը.

«Մենք այդ փոփոխության ականատեսը եղանք Քոչարյանի օրոք: Այդպես շատ ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով իր նախորդ աշխատանքը Ղարաբաղում, նրան հեշտ էր ներկայացնել միաժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի ժողովրդին: Սերժ Սարգսյանի ժամանակ իրավիճակը նույնը մնաց: Սակայն Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Ղարաբաղը, և ներկայացնում է միայն Հայաստանը»:

Անդրադառնալով 2001-ի ապրիլին Քի Վեստում անցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը և այնտեղ քննարկվող այսպես կոչված «Մեղրիի փախանակման տարբերակին», Քերի Քավանոն, ով այդ ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, նշեց, որ իրականությունը փոքր ինչ այլ էր և սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ: Դրանից բացի, Քի Վեստում, միջնորդի խոսքով, ի սկզբանե չէր նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում: