Home / Մարզեր / Սահակաշվիլին քննադատեց «մանր վաշխառուների» նոր կուսակցությունը

Սահակաշվիլին քննադատեց «մանր վաշխառուների» նոր կուսակցությունը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ երկրի ամենահարուստ գործարարներից մեկը` TBC բանկի հիմնադիր և Անակլիայի նավահանգստի շինարարությամբ զբաղվող միջազգային կոնսորցիումի գլխավոր ներդրողներից Մամուկա Խազարաձեն, հայտարարել է քաղաքական նոր շարժման հիմնադրման մասին:

Այս հայտարարությամբ գործարարը հանդես եկավ նախօրեին Անակլիայի ծովափին: Վայրը պատահական չէ ընտրվել․ «Սա Վրաստանի` Եվրոպային ամենամերձակա կետն է, վերջին դարպասը Վրաստանի և Եվրոպայի միջև»: Նրա խոսքով՝ շարժման հիմքի վրա մոտ ապագայում քաղաքական կուսակցություն կձևավորվի, որն էլ կմասնակցի 2020-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Դա ոչ թե Խազարաձեի կուսակցությունը կլինի, այլ առաջնորդների կուսակցություն: Այն հորիզոնական կառուցվածք կունենա` կոնկրետ արդյունքի ձեռքբերմանը միտված», – հայտարարել է գործարարը։

Նրա ստեղծած շարժումը կոչվում է «Լելո»: Դա միջնադարյան վրացական թիմային խաղ է, որը փոքր-ինչ ռեգբի է հիշեցնում, մի տարբերությամբ, որ լելոյում գնդակի քաշը 18 կիլոգրամ է կազմում:

«Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ չի կարելի կոնկրետ ժամկետներ և նպատակներ նախանշել, քանի որ մարդիկ քաղաքական դաշտ են մուտք գործում իշխանության գալու նպատակով: Մենք հակառակը կանենք` կնշենք ժամկետները և նպատակները, ապա արագ քայլեր կձեռնարկենք, հակառակ դեպքում կհայտնվենք մտավոր ճահճում: Մենք 12 առաջնորդ կգտնենք` 12 բարեփոխիչ առողջապահության բնագավառում, 12-ին` կրթության ասպարեզում, 12 առաջնորդ՝ գյուղում: Այս երկրի փրկությունը ոչ թե մեսիայի, այլ մեզնից յուրաքանչյուրի գործն է», – հայտարարում էր Մամուկա Խազարաձեն:

Խազարաձեն Վրաստանի խոշորագույն գործարարներից մեկն է, որ մինչև վերջերս գերադասում էր հեռու մնալ քաղաքականությունից: Մի քանի ամիս առաջ Վրաստանի դատախազությունը նրա դեմ քրեական գործ հարուցեց` պնդելով,որ Խազարաձեին պատկանող TBC բանկը զբաղված է եղել փողերի լվացմամբ: Ինքը գործարարը հարուցված գործը շինծու է որակում` պնդելով,որ այդ քայլով երկրի իշխանությունները փորձում են կանխել իր մուտքը քաղաքական դաշտ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է գործարարի նախաձեռնությունը․ «Մի էս՝ համրիչները ձեռքերում վաշխառուներին տեսեք։ Նրանք կարծում են, որ ցանկանում են կոտրել Վրաստանի քաղաքականության կախարդված շրջանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեկ անգամ նրանք արդեն կոտրել են այդ շրջանը, երբ այդ լակոտները սատարեցին Իվանիշվիլիին 2012 թվականին։ Եթե չլինեին այդ մարդիկ, Անակլիա նավահանգստի և նույն Լազիկիի շինարարությունը արդեն ավարտված կլիներ։ Դա էր պակաս, որ գլխավոր վաշխառուի կառավարման 8-րդ տարեդարձին իշխանության հասնեն մանր վաշխառուները։ Պետք է դրանց վերջը տալ ընդմիշ»։