Home / Ազգային ժողով / Պետական դավաճանության համար 15-20 տարի կամ ցմահ․ ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ի օրինագիծը

Պետական դավաճանության համար 15-20 տարի կամ ցմահ․ ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ի օրինագիծը

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսված պատիժը:

«Պետական դավաճանության» համար սահմանվեց 15-20 տարվա (գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում։

Գործող օրենքով պետական դավաճանության համար սահմանվում էր 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։

Հիմնավորման մեջ ԲՀԿ-ն նշել էր, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «ի հայտ եղած «պետական դավաճանության կամ լրտեսության դեպքերը» ցույց են տալիս, որ «ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»:

Քրեական օրենսգրքի 299 հոդվածով պետական դավաճանությունը սահմանվում է որպես «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։

Քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով լրտեսությունը սահմանվում է որպես «Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից»։