հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թոխմախում հայտնաբերվել է բազմակի օգտագործման գերեզման

Թոխմախում հայտնաբերվել է բազմակի օգտագործման գերեզման

Կենտրոնական («Թոխմախի») գերեզմանի վարիչը դատվելու է անբարեխիղճ վերաբերմունքի, իսկ նրա վրա հաղորդում ներկայացրած քաղաքացին՝ հանգուցյալի դիակը անարգելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, գնացել է Երևանի Կենտրոնական գերեզմանատուն՝ հայրիկի և պապիկի գերեզման, և տեսել, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը և պապիկի գերեզմանի ցուցանակը չկան, նրանց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, չորսը այլ տապանաքար են և երկու իրեն անծանոթ տղամարդիկ, որոնք այնտեղ խունկ են ուզում վառել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Պարզվել է, որ հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը պապիկին հուղարկավորելու համար պայմանավորվել է Երևանի Կենտրոնական գերեզմանատան բանվորի հետ, որ նա վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորի:

«2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։

Նա զանգահարել է հիշյալ տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում: Բայց 45–ամյա տղամարդը՝ իմանալով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է և պահանջել, որ դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ. գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որպեսզի չերևա», – գրել է Կոմիտեն։

Գերեզմանատան բանվորը, ըստ քննիչների, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը՝ կատարել է հիշյալ ցուցումները:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Կենտրոնական գերեզմանատան վարիչը այժմ մեղադրվում է պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու մեջ (2022-ի սեպտեմբերի 14-ին նա «ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու, հուղարկավորությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու՝ իր պարտականությունները)։

Նշված 45-ամյա տղամարդուն էլ մեղադրանք են առաջադրել գերեզմանատան բանվորի միջոցով ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, մեկ այլ հանգուցյալի դիակը անարգանքի ենթարկել համար։

Առաջինին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 446-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ ՔՕ 305-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Այն մասին, որ «Թոխմախի» գերեզմանատան տեղերը թանկ են, գերեզմանային գործն էլ՝ մաֆիոզ բիզնես, մամուլը վաղուց է գրում։ Սա առաջին դեպքը չէ, երբ հաղորդվում է գերեզմատեղեր ծախում-առնելու մասին, այդ թվում՝ այլ ընտանիքներին, այլ մարդկանց պատկանող տեղեր։