2026 г. 2 июня, вторник
Тег

#զորահավաք

Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Նախատեսվում է, որ ծառայությունը 21 օր է լինելու, 25 օր են նշում՝ կազմակերպման հատվածն ապահովելու համար՝ կառավարության այսօրվա նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 21 օրերից 7-ը պատրաստությանն է հատկացվելու, 21-ը՝ մարտական հերթապահությանը։ Կառավարությունը խոստանում է՝ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռելու ընտրել ծառայության ժամկետները։ «Պահեստազորում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն ընտրելու է, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», - ասել է Պապիկյանը՝ շեշտելով՝ կարգը շուտով կհրապարակվի։ Արդեն ամիսներ շարունակ Կառավարությունը պարբերաբար եռամսյա հավաքներ է հատյատարարում՝ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկում և տանում բանակ։ Կառավարությունը հայտարարում է, թե վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական վերապատրաստումն է։ Զորակոչված պահեստազորայինները, սակայն, տարվում են մարտական դիրքեր, այդ թվում՝ սահմանամերձ։ Քաղաքացիները դժգոհում են՝ հավաքների կազմակերպիչները հաշվի չեն առնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ աշխատանքային պայմանները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ եռամսյա հավաքները նախատեսված էին հին համակարգով, դրանք շատ երկար ժամանակ պատշաճ չեն արվել, ինչի «հետևանքները մենք տեսանք 2020-ի պատերազմի ընթացքում»։ «Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել։ Այդ ընթացքում պարզվեց, որ դա խնդրահարույց է։ Մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում։ Հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և որ հավաքները պետք է դարձնել մեկամսյա, ընդ որում՝ պարտադիր բոլորի համար։ Չեմ կարծում, որ սա կառավարելի իրավիճակ չէ։ Այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր։ Բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց կյանքը պլանավորել։ Այս համակարգով ժամկետները ընտրելու մեխանիզմ կներդրվի», - հավելել է Փաշինյանը։ Պապիկյանն էլ խոսել է կանանց մասին, թե՝ կանայք ևս մարտական պատրաստության հնարավորություն կունենան․ «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա՝ ըստ ցանկության։ Ովքեր կուզեն՝ կմասնակցեն»։ Փաշինյանն հավելել է՝ բացառված չէ, որ վարժական հավաքները պարտադիր դառնան նաև կանանց համար։ Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է․ «Բոլոր ասելով նկատի ունենք բոլորին, կանայք էլ են բոլորի մեջ մտնում»։ «Կարծում եմ, սկզբնական փուլում պետք է հերթագրման տրամաբանությամբ գնալ։ Բայց եթե խոսում ենք մեկ ամիս նախապատրաստության մասին, կանանց դեպքում կարող ենք դա դարձնել 15 կամ 7 օր։ Չգիտեմ։ Բայց երբ ասում ենք բոլորը՝ բոլորը բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք չենք կարող դա միանգամից անել։ Բայց փուլային եղանակով այս խնդիրը պետք է դնենք և լուծենք։ Հասկանալի է նաև, որ պետք է պայմաններ ստեղծվեն՝ դա իրականացնելու համար», - ասել է Հայաստանի վարչապետը։ Որոշվել է, որ հարցը կքննարկվի կառավարության հաջորդ նիստին։

Եռամսյա հավաքները ձախողվում են

Եռամսյա հավաքները ձախողվում են

Ծանուցագիր են տալիս զորակոչելու նույն օրը, բուժզննություն չեն իրականացնում, հաշվի չեն առնում մարդկանց ընտանեկան դրությունը

Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ

Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս՝ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը։ «Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: Որպես օրինակ Պաշտպանը նշում է անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեև ֆորմալ առումով մարտական գործողությունների արդյունքում անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամները չեն ազատվում զորակոչից, 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին: Բացի վերը նշվածից, ըստ Պաշտպանի, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես չարդարացված լինի: «Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ»։ Հետևաբար, ըստ օմբուդսմենի, օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։ Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 169 քաղաքացի (1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ)։ Հայտարարվել է, որ, ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։