Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից
Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն) քայլերթը տևեց մոտ 3 ժամ։ Ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հանրապետական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլք։ Առաջին շարքում էին նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հանրապետականների օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արսեն Բաբայանը, հանրապետական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլն, և այլն։ Այնտեղ էր նաև նրանց միասնական վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Երթը մեկնարկեց Արաբկիրից, Կոմիտասով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի: Վանկարկումներ․ «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ սարսափելի դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Թո՛ւրք», «Թուրքի վաստակ»։ Նաիրա Զոհրաբյան․ — Ինչքան Նիկոլը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է։ Ցուցարար․ — Պետք է դասադուլ, գործադուլ անենք։ Ցուցարար․ — Ես ասում եմ՝ հը՞ն, էսքանից հետո համոզվեցի՞ր, որ դավաճան ա։ Ասում ա՝ չէ։ Ասում եմ՝ դե սիկտիր։ ԲՀԿ-ական Արմեն Աբովյան․ — Հայաստանում պայքար է՝ ստամոքսի ու ոգու։ Հայի ոգին հաղթելու է։ Ցուցարար․ — Երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ժողովուրդը չի հասկանում։ Վանկարկում․ «Ոջլոտ փռչոտ Նիկոլ», «Եթե հայ եք՝ միացեք, եթե Նիկոլ չեք»։ Իշխան Սաղաթելյան․ — Փաշինյանը թաքնվում է ժողովրդի հետևում։ Նա դրա իրավունքը չունի։ Անցորդ պատանի․ — Ռուսաստանն ա մեղավոր, Նիկոլը մեղավոր չի, մարդասպան չի։ Ցուցարարներ․ - Զոմբիներ, դուրս եկեք։ Ցույցին մասնակցող երեխա․ - Նիկոլ՝ դավաճա՛ն։ Կողքի տատիկը․ - Մեռնե՜մ քեզ։ Ցուցարար․ - Նիկոլի համար հազիվ 20 տոկոսն է քվեարկելու՝ դեբիլները։ Անցորդ․ — Ծախված ազգ ա։ Որոշ մեքենաները ձայնային ազդանշան են արձակում՝ ի աջակցություն։ Ցուցարար․ - Ինչքան գոմիկ կար՝ նստեց աթոռին։