2026 г. 2 июня, вторник
Тег

#ռեվանշիստներ

Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ և հրմշտոց է սկսվել ընդդիմության ակտիվիստների և դեպի խորհրդարան ճանապարհին պատ կազմած ոստիկանների միջև։ Կան տասնյակ տուժած ոստիկաններ․ վկաների խոսքով, ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր էին նետում։ Վիրավորներ կան նաև քայլերթի մասնակիցների շրջանում․ ոստիկանները առաջին անգամ հատուկ միջոցներ՝ մահակներ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ (թարմացված) Ըստ առողջապահության նախարարության, տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 50 անձ․ 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին նա վիրահատվում է: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ վիրահատվողը քաղաքացիական անձ է, ոստիկաններից մեկի մոտ էլ ոտքի կոտրվածք է արձանագրվել։ _ «Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։ Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաններին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել։ Սա, մեղմ ասած, խաղաղ ցույց չէր։ Եվ սա մի ամսվա բռնության հռետորաբանության արդյունքն էր», - քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։ _ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, ինչպես է ոստիկանը ոտքով խփում քաղաքացու դեմքին։ Մեկ այլ տեսանյութում ոստիկանության աշխատակիցը բռունցքներով հարվածում է քաշքշուկի մեջ հայտնված տղամարդուն։ _ Բերման ենթարկվածների թիվը դեռևս հայտնի չէ։ Ընդդիմությունն այժմ հանրահավաք է անում Ֆրանսիայի հրապարակում։ — «Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։ Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը», - հայտարարել է իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Բախումից առաջ դաշնակցական Սաղաթելյանը բարձրախոսով կոչ էր արել կանանց և աղջիկներին հետ քաշվել․ «Էս փողոցը հենց հիմա պետք է բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու»։ Կարճ ժամանակ անց տղամարդիկ գրոհել էին  ոստիկանական պատնեշը, իսկ ավելի ուշ՝ սկսել քարեր նետել ոստիկանների վրա։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել՝ մահակներ և ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակների մոտ 5 կրակոց (դատելով համացանցում տարածվող տեսանյութերից՝  նռնակները օդ են կրակել)։ «Կառավարության ամառանոցներ գնալը ակնհայտ ագրեսիվ քայլ էր և ընդդիմության առաջնորդները դա արել են գիտակցված։ Բնականաբար դա կարող էր լինել խաղաղ երթի կամ հավաքի տեսքով, բայց ոչ վերջին շաբաթների հռետորաբանության ֆոնին։ Եվ զարմանալի չէ, որ մի ամսից ավել բռնության հռետորաբանություն լսած հավաքի մի շարք մասնակիցներ սկսեցին ագրեսիվ (ոչ խաղաղ) պահվածք դրսևորել։ Ընդորում, հատկանշական է, որ այդ ոչ խաղաղ պահվածքը առաջնորդների կողմից չէր կանխվում (կանխման իմիտացիան և կանխումը տարբեր բաներ են)։ Այդուհանդերձ, ոստիկանությունը, նախքան «Սվիրել» ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ կրակելը պետք է աներ հնարավոր ամեն ինչ` հավաքը խաղաղ հուն վերադարձնելու կամ բախումը կանխելու համար (օրինակ` բախումից խուսափելու համար Ոստիկանությունը կարող էր փշալարով տարանջատեր իրեն ակնհայտ ագրեսիվ տրամադրված ցուցարարներից)։ Այլ կերպ ասած, ընդդիմության առաջնորդները արեցին ամեն ինչ, որ բախում տեղի ունենա, իսկ ոստիկանությունը չկարողացավ դա կանխել», - ավելի վաղ գրել էր Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մշտադիտարկում է մոտ մեկ ամիս առաջ սկսված բողոքի ցույցերը։ Ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրել է ոստիկանությանը․ ոստիկանների գործողությունները Սաղաթելյանը «կոլցո» օպերացիա է որակել։ թարմացում․ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ 11 անձ բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Լիտվայի նախագահը, ժողովրդավարության ֆորումն ու Հայաստանի ընդդիմությունը

Լիտվայի նախագահը, ժողովրդավարության ֆորումն ու Հայաստանի ընդդիմությունը

Լիվտայի նախագահ Ընդդիմության շարժման հերթական առավոտը մեկնարկեց Բաղրամյան 26-ում։ Նախագահ Վահագն Խաչատրյանը հյուրընկալում էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, ով մինչ այդ պաշտոնական այցով մեկնել էր Բաքում։ Դիմացի մայթին ոստիկանական պատնեշ էր։ Պատնեշի հետևից ընդդիմադիր ակտիվիստները, այդ թվում՝ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»։ Ընդդիմադիրներն ավելի վաղ Նաուսեդային նամակ էր գրել։  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ», - հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի թիմակիցները շուրջ կես ժամ նախագահականի մոտ էին՝ վանկարկում էին և սուլում։ Երբ Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26, նրանք հեռացան հաջորդ ակցիային։ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպումից հետո Նաուսեդան հայտարարեց, որ Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը և նույն նպատակին ուղղված՝ Եվրամիության խորհրդի նախագահի ջանքերին (մայիսի 22-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել հերթական հանդիպումը)։ Նույնաբովանդակ հայտարարություններին արվել նաև նաև Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի հետ մայիսի 18-ի բանակցություններից հետո։ Իլհամ Ալիևն այդ հանդիպմանը հավաստիացնում էր, թե Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, «կարգավորել հարաբերություններն ու շրջել թշնամանքի էջը»։ Հայկական ֆորում «Մարիոթ» հյուրանոցում միջոցառում էր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» տեղական և «Freedom House» միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի էր ունենում «Ժողովրդավարության հայկական ֆորումը», որին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցում էին Նիկոլ Փաշինյանն ու արևմտյան դեսպանները։  Լիտվայի նախագահի համար նախատեսված ակցիայից հետո ընդդիմադիրները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Ավանդական «Նիկոլ՝ դավաճան» և «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսներից բացի՝ Մարիոթի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում էին նաև «Առանց Թրեյսի Հայաստան»՝ նկատի ունենալով ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Օրեր առաջ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մի հարցազրույց էր հրապարակել, որում Լին Թրեյսը հայտարարել էր․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Հայտարարությունը վրդովվեցրել էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներին, ովքեր արդեն շուրջ 20 օր է՝ փողոցային ակցիաներ են անում։ Քննադատությամբ էր հանդես եկել նաև Հայ Դատը։ Ընդդիմությունը Թրեյսի խոսքերը երկակի ստանդարտների դրսևորում էր որակել՝ մեղադրելով նրան կողմնակալության և ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառումն անտեսելու մեջ։  Հետագայում պարզվել էր, որ ամերիկացի դեսպանի հետ հարցազրույցն «Արմենպրեսը» նախքան ընդդիմության անհնազանդություններն էր արել՝ ապրիլի 29-ին։ Ստեղված իրավիճակին Լին Թրեյսն անդրադարձավ է նաև այսօր՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» իր ելույթում։ «Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում՝ անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք տեսել ենք ազդակներ, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», - հայտարարեց Թրեյսը՝ ընդգծելով, որ «ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն» և պետք է ակցիաները խաղաղ իրականացնեն։ Ֆորումին ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ պահի ներխուժեցին հյուրանոց․ համաժողովի դահլիճ նրանց մտնել չթողեցին։ Միջանցքից պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը միջանցքից վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»՝ անգլերենով: