2026 г. 2 июня, вторник
Тег

#վարժանքներ

Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ

Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս՝ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը։ «Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: Որպես օրինակ Պաշտպանը նշում է անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեև ֆորմալ առումով մարտական գործողությունների արդյունքում անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամները չեն ազատվում զորակոչից, 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին: Բացի վերը նշվածից, ըստ Պաշտպանի, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես չարդարացված լինի: «Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ»։ Հետևաբար, ըստ օմբուդսմենի, օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։ Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 169 քաղաքացի (1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ)։ Հայտարարվել է, որ, ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։

Պահեստազորայինների վարժահավաքների նախագիծը հաստատվեց կառավարության նիստին

Պահեստազորայինների վարժահավաքների նախագիծը հաստատվեց կառավարության նիստին

2021 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝  ՊՆ-ի ներկայացրած նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստին։ Որոշման համաձայն՝  հավաքներին ներգրավվելու է մինչև 2169 հոգի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները,  ըստ նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Գերատեսչությունը շեշտել է նաև, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Նախաձեռնությունը կարժենա մոտ 3 միլիարդ դրամ։ Ծախսերը կկատարվեն ՊՆ-ին հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատսչությունն այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Ըստ այդ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվելու է 869 պահեստազորային։  Օգոստոսի 5-ին էլ ՊՆ-ն առաջարկել էր զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։  Այս նախագծերը դեռևս կառավարության նիստերի օրակարգ չեն ընդգրկվել։