Գլխավոր / Армения / Թող սաղ իմանան ինչ ա եղել. Արագածը սգում է 19-ամյա զինվորի մահը

Թող սաղ իմանան ինչ ա եղել. Արագածը սգում է 19-ամյա զինվորի մահը

ՀՀ բանակում սպանված հերթական զինվորը Արթուր Նորայրի Մխիթարյանն էր, ում 19 տարին դեռ չէր լրացել: Արթուրը Էջմիածնի մոտ գտնվող Արագած գյուղից էր, զորակոչվել էր անցյալ տարի Էջմիածնի զինկոմիսարիատից:

Գյուղ մտնելու ճանապարհին արդեն իսկ կարելի էր հասկանալ, որ գյուղում դժբախտություն է տեղի ունեցել՝ մեծ սև ժապավենի վրա գրված էր «Արթուր 19»: Հասարակ հայկական գյուղ է, այն է՝ աղքատ, դեպի գյուղ տանող ճանապարհը՝ վատ: Բնական է, ամբողջ գյուղը հավաքվել է Արթուրենց տան մոտ, բոլորը սգում են, ընտանիքի հետ կիսում անդառնալի ցավը:

Պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուրի մահը վրա էր հասել «համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով »: Epress.am-ի հետ զրույցում, սակայն, Արթուրի քեռին` Ալեքսանը, ասաց, որ սեպտեմբերի 25-ին մարտական հենակետում տեղի ունեցածը դժբախտ պատահար չէր, քանի որ այսօրվա դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով կրակոցը եղել է որոշակի տարածությունից:

«Ես ներկա եմ եղել դատաբժշկական փորձաքննությանը, բժիշկն ասում ա, որ եթե մոտիկից լիներ, դեմքը այրված կլիներ, սակայն որևէ այրվածք չկա: Կրակողն էլ ոչ թե թշնամի ա եղել, այլ հայ», – պատմել է Ալեքսանը:

Քեռու խոսքերով՝ Արթուրն ընդամենը ամսի 22-ին էր արձակուրդից վերադարձել զորամաս.
«Ամսի 22-ին իրա հերն ու մերը իրանց ձեռքով տարան չաստ, որ հանկարծ ճամփին մի բան չլինի: Երեք օր հետո զանգում ասում են ձեր երեխեն մեռել ա: Ինչ ասեմ, չգիտեմ, էրեխու 19 տարին չէր լրացել, հիմա պիտի տանենք հողին հանձնենք»:

Մեր այն հարցին, թե Արթուրը որևէ խնդիրներ կամ կոնֆլիկտ ունեցել է արդյոք ծառայության ընթացքում,  Ալեքսանը պատասխանել է, որ իր զարմիկը ոչ մի խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ:

«Ես ինքս եմ երեկ խոսել հոգեբանի հետ, էդ երեխեն նորմալ ծառայել ա, կարգապահ ա եղել, առաջինն իրան են ուղարկել օտպուսկ: Ես չգիտեմ՝ ինչ են ասելու, թե ինչ նոր վարկածներ կմտացնեն, չգիտեմ, բայց ես հետևողական եմ լինելու, որ ձեր էրեխեն լիներ, ի՞նչ կանեիք: Դե տեսեք, տեսեք՝ ինչ վիճակ ա ամբողջ գյուղում, այ էս ա պաշտպանության նախարարությունը, էս ժողովուրդն են (նկատի ունի, որ ժողովուրդն իրականում գիտի սպանության պատճառը – Epress.am): Ինչի չեք թողնում գամ, տելեվիզրով ասեմ, թող սաղ իմանան ինչ ա եղել, ինձ թողեք, ես կգամ կխոսամ: Ինչի ոչ մի ալիք չի խոսում էս մասին: Ես էլ գիտեմ, որ բանակում սպանությունները շատացել են, է սենց մինչև ե՞րբ ա շարունակվելու»,- արցունքներն աչքերին խոսել է Ալեքսանը:

Մի տարեց մարդ էլ, փորձեց խոսել, բայց չկարողացավ`  հեկեկալով մի կողմ քաշվեց` «էս օլիգարխների ձեռքը սենց ա, սենց ա ըլնելու միշտ էլ»:

Ի դեպ, սպանված զինվորի տան մոտ հավաքված խոսում էին, որ նրան սպանող համածառայակիցը եղել է մանկատան երեխա: Մարդիկ խոսում էին, որ մինչ Արթուրի տուն գալը, նրա մոտից գողացել են զինգրքույկը և հեռախոսը: Մի քանի օր հետո նա զինգրքույկը տեսել է իր մահճակալին նետած: Ենթադրում են, որ սահմանի վրա Արթուրն ու իր համածառայակիցը վիճել են, քանի որ Արթուրը իմացել է, որ հենց նա է գողացել իր հեռախոսը: Նա էլ մի քիչ հեռվացել է ու կրակել:

Tekali Taxi