Գլխավոր / Հայաստան / In Memoriam. Վախենամ` Հրանտ Դինքի անունը բրենդ է դառնում…

In Memoriam. Վախենամ` Հրանտ Դինքի անունը բրենդ է դառնում…

Արդյո՞ք մենք իրականում ցանկանում ենք բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը: Թե՞ ցանկանում ենք շարունակել ապրել մեր ցավով և ամոթի զգացումով: Նման հարցեր ծագում են, երբ հիշում ենք Հրանտին իր սպանության օրը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է լրագրող Արիս Նալջին` խոսելով «Ագօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան, 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնամոլի կողմից սպանված Հրանտ Դինքի մասին:

Արիսը «Ագօսի» պատասխանատու խմբագիրն է, որ թերթում աշխատում է 13 տարի և լրագրողի իր ճանապարհն անցել է Հրանտ Դինքի կողքին, ում համարում է իր հոգևոր հայր և ուսուցիչ:

Արիս Նալջին ցավով է փաստում, որ Դինքի սպանությունից 4 տարի անց էլ Թուրքիայի և Հայաստանի հասարակություններում շատ քիչ բան է փոխվել, շատ քիչ բան է իրագործվել այն ամենից, ինչի մասին խոսում էր և ինչի համար պայքարում էր թուրքահայ լրագրողը:

«Վախենամ, որ Հրանտ Դինքի անունը բրենդի է վերածվում: Շատերն օգտագործում են նրա անունը, սակայն կյանքի չեն կոչում նրա գաղափարները», – ասել է Արիս Նալջին:

Նրա կարծիքով` իրականում այն փոփոխությունները, որոնք եղան Թուրքիայի հասարակությունում, արեցին ոչ թե հայերը կամ թուրքերը, այլ Հրանտը: Նա դարձավ իր համայնքի անունը:

«Ես միշտ ասում եմ, որ փոփոխություններն իրականացնում են մարդիկ, մարդիկ կարող են լավը կամ վատը լինել, և ոչ թե ազգերն ու պետությունները: Նա բարեփոխումներ իրականացրեց և հատուցեց դրա համար կյանքով: Սակայն այս պահին մենք դեռ առնվազն 2 քայլ հեռու ենք Հրանտի գաղափարներն իրականացնելուց: Դա վերաբերում է ինչպես Թուրքիային, այնպես էլ հայերին` և հայաստանցիներին, և թուրքահայերին», – ասել է «Ագօսի» պատասխանատու խմբագիրը:

Արիս Նալջին հիշեցրել է, որ Հրանտի պայքարը խոսքի ազատության համար էր, սակայն այսօր  Թուրքիայում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Հրանտը ցանկանում էր Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների ակտիվ երկխոսություն տեսնել, սակայն այդ երկխոսությունն այսօր խափանվում է:

«Հրանտ Դինքի սպանությունից 4 տարի է անցել, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարողանում է անպատեհ արտահայտություններ հնչեցնել հայերի հասցեին: Նա սպառնում է, որ կարող է արտաքսել Թուրքիայում ապրող հայաստանցիներին: Խոսքի ազատության առումով մենք, ցավոք, առաջ չենք գնացել: Անգամ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի դեմ, սակայն կառավարությունը չի շտապում այն իրագործել», – ասել է Արիս Նալջին:
Լրագրողը նշել է, որ չեն իրականացվել Դինքի երկու երազանքները` Թուրքիայում չկա հայերին պատկանող ռադիոալիք, թեև այն բացելու հնարավորություն կար, սակայն հայ համայնքը ոչինչ չարեց, չկա նաև Հայաստանից ներգաղթյալների համար դպրոց:

«Այս երազանքերը ոչ միայն Հրանտին էին պատկանում: Դրանք ժողովրդավարության պարտադրանքն են: Ստիպված ենք արձանագրել, որ Դինքի մահից հետո խոսքի ազատության ու ժողովրդավարության վիճակը նույն կետում են մնացել», – ասել է Նալջին` հավելելով, որ անգամ «Ագօս» շաբաթաթերթը չի կարողացել հաղորդակցության նոր ուղիներ զարգացնել:

«Ես ինքս ինձ էլ եմ քննադատում: Այսօր ես ասում եմ, որ ամաչում եմ: Ամաչում եմ ինձ համար և բոլորի համար», – նշել է Արիս Նալջին:

Նրա խոսքով` Հայաստանի և Թուրքիայի հասարակությունները պետք է շարունակաբար փորձեն իրականացնել այն խնդիրները, որոնց լուծման համար պայքարում էր Հրանտ Դինքը: Իսկ դա և Թուրքիայի, և Հայաստանի հասարակությունների համատեղ խնդիրն է: Ըստ Արիս Նալջիի` հարկավոր է ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների միջև, համատեղ օրաթերթ, հեռուստաալիք ստեղծել, պաշտոնական մակարդակի բերել հասարակական կազմակերպությունների կողմից երկու երկրների հասարակությունների մերձեցման նպատակով իրականացվող համատեղ ծրագրերը:

Նույն խնդիրները Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների առջև ծառացած էին մինչև 2007 թվականի հունվարի 19-ը:
Tekali Taxi