Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ներկա ու ապագա մայրերի առաջարկությունները վարչապետին

Հայաստանի ներկա ու ապագա մայրերի առաջարկությունները վարչապետին

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներն իրենց առաջարկություններն են ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Համապատասխան նամակն ուղարկվել է Ազգային ժողով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին:

Նախաձեռնության անդամներն իրենց նամակում նշում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդագրական աճը Հայաստանում անվտանգության հիմնաքարերից է, իսկ ծնելիության աճն ամեն կերպ պետք է խրախուսվի, իրենք առաջարկում են հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց աշխատավարձի ողջ չափով` առանց առավելագույն շեմ սահմանելու:

«Հավատացած լինելով, որ ծննդաբերող յուրաքանչյուր կին նախևառաջ աշխատում է Հայաստանի Հանրապետության համար և իր ներդրումն է ունենում Հայաստանի Հանրապետության զարգացման և հարատևման գործում` առաջարկում ենք հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի ողջ չափով` առանց գանձելու սահմանված պետական հարկերը և սոցիալական վճարները հղիության և ծննդաբերության արձարկուրդի շրջանում, ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունել ոչ թե նախատեսվող 140 աշխատանքային, այլ` 140 օրացույցային օրերը», – ասված է նամակում:

Բացի դրանից, նամակի հեղինակներն առաջարկում են հղիություից զատ ցանկացած այլ պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր անձանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի չափով` փոխհատուցման վերին շեմ սահմանելու փոխարեն օրենքում աշխատանքային նվազագույն որոշակի փորձի պահանջ սահմանելով:

«Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը` որպես թափանցիկ կառավարում իրականացնող և Հայաստանի Հանրապետության, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերով առաջնորդվող ժողովրդավարական կառույց, հաշվի կառնի շահագրգիռ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները:

Վերոհիշյալ առաջարկությունները ներկայացնելով` ակնկալում ենք հանրային քննարկումների շարքի մեկնարկ հունվար ամսի վերջին շաբաթվա ընթացքում և օրենքի փոփոխված տարբերակի շուտափույթ քննարկում և ընդունում ՀՀ Ազգային ժողովի 2011թ.-ի գարնանային նստաշրջանում` հետադարձի ուժի սկզբունքի կիրառմամբ»,- նշել են նախաձեռնողներն ու հավելել, որ իրենք` որպես Հայաստանի ներկայով և ապագայով մտահոգ, Հայաստանում ապրել և արարել ցանկացող քաղաքացիներ, կշարունակեն հետևել «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի մեջ խոստացված փոփոխություններ կատարելու գործընթացին և իրենց մտահգությունները բարձրաձայնել այնքան ժամանակ, քանի դեռ օրենքի դրույթները կոտնահարեն իրենց իրավունքները և կվտանգեն պետության ապագան:

Tekali Taxi