Home / Հայաստան / «Ոչ Բարադեյ, ոչ «Մահմեդական եղբայրներ». մենք Եգիպտոսի խեղճ, աղքատ բնակիչներն ենք

«Ոչ Բարադեյ, ոչ «Մահմեդական եղբայրներ». մենք Եգիպտոսի խեղճ, աղքատ բնակիչներն ենք

Metkere.com-ը հրապարակում է եգիպտացի Sandmonkey բլոգերի հետ հարցազրույցը, ով պարբերաբար գրում է Twitter-ում այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում:

– Ի՞նչ եք զգում` ապրելով մի երկրում, որտեղ կառավարությունը ցանկացած պահի կարող է դադարեցնել համացանցային և բջջային սպասարկումը:

-Ներկայումս մարդիկ տեղափոխվել են 1980-ական թվականներ, տեխնոլոգիական առաջընթացից մենք փոխադրվել ենք երկրային կապի միջոցներին, ավելի պարզ ասած` քաղաքային հեռախոսներին: Մեր բնակիչներից շատերը չգիտեն էլ իրենց ընկերների և հարազատների քաղաքային հեռախոսահամարները: Պարետային ժամն ու համացանցի բացակայությունը խելագարության աստիճանի է հասցնում մարդկանց:

Ակտիվիստները զրկված են այստեղ կատարվող սարսափելի իրադարձությունների մասին պատմող նկարներն ու տեսաձայնագրությունները համացանցում տեղադրելու հնարավորությունից: Մյուսների համար ինտերնետի բացակայությունը նշանակում է զրկված լինել աշխատելու հնարավորությունից: Մարդիկ պարզապես դադարել են աշխատանքի գնալ: Բանկերը նույնպես չեն աշխատում: Երկիրը կախված վիճակում է:

-Ըստ ձեզ` որպես այդ ամենի անմիջական մասնակից, հավանական է արդյոք, որ Եգիպտոսը կկրի Իրանի ճակատագիրը և խաչ քաշի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների վրա, այն դեպքում, եթե իրոք հեղափոխություն տեղի ունենա:

-Ակնհայտ է, որ այս բոլոր իրադարձությունների մեջ մենք մենակ ենք և ոչ մի ստորգետնյա խաղեր չկան: Աշխարհին շահեկան է Եգիպտոսի կայունությունը, բոլորին շահավետ է Մուբարաքի նախագահությունը: Բողոքի այս ցույցերը կազմակերպվել են ժողովրդի կողմից` հիմնականում ամենաաղքատ շրջանների հասարակ քաղաքացիների: Նրանք ընդամենը ազատություն են ուզում:  «Մահմեդական եղբայրներն» ու Էլ-Բարադեյը չնչին դերակատարություն ունեն այս հարցում: Այս ցույցերի կարգախոսներից մեկն էր` «Ոչ Բարադեյ, ոչ «Մահմեդական եղբայրներ», մենք ընդամենը Եգիպտոսի խեղճ ժողովուրդ ենք»:

Մենք պայքարում ենք ժողովրդավարական սկբունքների համար: Մենք ցանկանում ենք նոր իմաստ տալ արաբական աշխարհին ու Եգիպտոսին: Մենք հոգնել ենք կոռուպցիայից, անարդարությունից, կառավարական վերահսկողությունից: Մենք ավելիին ենք արժանի և մենք կարող ենք ավելի լավ ապրել»:

Tekali Taxi