Հայաստանի իշխանությունները կարող են ավելի վատ տարբերակով հեռանալ, քան Թունիսի և Եգիպտոսի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Չափազանց հետաքրքրիր զարգացումներ են տեղի ունենում աշխարհում և Մերձավոր Արևելքում` Թունիս, Եգիպտոս, Բահրեյն և այլն: Դրանք դոմինոյի էֆեկտով տեղափոխվում են մի երկրից մյուսը», – ասել է Սաֆարյանը:
Նրա խոսքով` եթե արդարության պակասը երկրում դառնում է խրոնիկական, և իշխանությունը չի արձագանքում խնդիրներին, ապա հասարակությունը ժայթքում է. «Փորձը ցույց է տալիս, որ նման բռնապետական ռեժիմները երկար կյանք չունեն: Հայաստանն էլ Մերձավոր Արևելքի մի մասն է: Ու եթե իշխանությունը վախենում է մի բանից, ճիշտ է վախենում: Որևէ հուշագիր, նպատակագիր, ղազագիր չի կարող օգնել»:
Ամենաթարմ օրինակը, Սաֆարյանի խոսքով, երեկ Գյումրիում անցկացված «Կոլցո» օպերացիան է:
«Երեկ Գյումրին նման էր Կահիրեին: Երեկ պիտի գային ու լսեին, թե Գյումրիի հազարավոր մարդիկ ինչ էին խոսում ոստիկանության մասին, նրանց պղծումների, ապօրինությունների մասին: Ես երեկ ոստիկանությանը խղճում էի, ես նրանց ասում էի, որ իրենք են բլոկադայի մեջ ու իրենք ազատագրման կարիք ունեն», – ասել է Սաֆարյանը:
Նա նաև հայտարարել է, որ «Ժառանգությունը» շարունակելու է աջակցել տարբեր սոցիալական բողոքներ ունեցող մարդկանց:
Խոսելով վրացական պետհամարանիշերով մեքենաների խնդրի մասին` Սաֆարյանն ասել է, որ իրենք մտադիր են դիմել ԲՀԿ-ին և «Դաշնակցությանը», և, հնարավոր է, այդ հարցի առնչությամբ հաջորդ շաբաթ կհրավիրեն արտահերթ նիստ: