Home / Հայաստան / Թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը Հայաստանում, այնուամենայնիվ, կայացավ

Թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը Հայաստանում, այնուամենայնիվ, կայացավ

Հայաստանի` մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում մարտի 30-ին`ժամը 16:00 –ին կայացած թուրքական ֆիլմերի «23,5» փառատոնի տարածաշրջանային հերթական փուլի անցկացման մասին կազմակերպիչները հաղորդեցին վերջին վայրկյանին` ցուցադրության կազմակերպման հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

2009 թվականին խոչընդոտներն ավելի քիչ էին: Այն ժամանակ փառատոնը համընկավ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկի հետ: Երկրի ղեկավարությունը տարբեր մակարդակներով խոսում էր «հարևանների հետ հարաբերությունների վերականգնման անխուսափելիության մասին»:  ԶԼՄ-ները ակտիվորեն լուսաբանում էին երկու երկրների միջև իրականացվող խաղաղարար նախաձեռնությունները:

Սակայն դիվանագիտությունը խափանվեց, երկու կողմերի իշխանությունները վերադարձան փոխադարձ մեղադրանքների քաղաքականությանը: Հայ-թուրքական «խաղաղ» նախաձեռնությունների քանակը կտրուկ նվազեց, իսկ դրանց լուսաբանումը հասցվեց նվազագույնի:

Ինչից էին վախենում կազմակերպիչները

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ: Այն մեկնարկեց 2010 թվականին Երևանում: Հաջորդ փուլը նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Տիկնիկային թատրոնում: Վանաձորի բնակիչներին հարյուրավոր հրավիրատոմսեր էին բաժանվել:

Սակայն քաղաքում արշավ էր սկսվել փառատոնի դեմ, տեղեկություններ էին տարածում այն մասին, որ իրականում ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրելու, իսկ ոստիկանությունը ԱԱԾ-ի հետ կֆիկսի փառատոնի բոլոր մասնակիցներին:

Ցուցադրությունից ընդամենը մի քանի րոպե առաջ ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ արգելափակել էին թատրոնի մուտքը: Հարյուրավոր մարդիկ այդպես էլ չէին կարողացել դիտել ֆիլմերը:

Փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը պատմում է. «Այս անգամ որոշեցի պարտքս վերադարձնել Վանաձորի հանդիսատեսին: Ազդը միայն այսօր ենք տեղադրել, որպեսզի ոչ ոքի ժամանակ չտանք ցուցադրությանը խոչընդոտելու և խափանելու համար: Ժողովրդին տեղեկացնում էինք փառատոնի մասին հին, փորձված ձևով: Շրջում էինք փողոցներով, դպրոցներով, համալսարաններով, տներով և մարդկանց փառատոնի էինք հրավիրում»:

«Ոչ անվտանգ» ֆիլմերը հյուրընկալեց նախկին մշակույթի տունը: Այժմ այդ վայրում երկու ամիս առաջ վերանորոգված կինոթատրոն է: Կինոթատրոնի տնօրենը` Արմենը, հաստատությունների տերերից և պատասխանատու պաշտոնյաներից միակն է, ով նախապես դիտել է ֆիլմերը և, դրանցում չգտնելով որևէ  բան, որը կարող էր հակասել Հայաստանի օրենքներին, թույլատրել է իրականացնել ցուցադրությունը:

Հնարավոր հետևանքների մասին նա և իր ընկերները, ովքեր լինելով պրոֆեսիոնալ շինարարներ, անձամբ վերանորոգել էին կինոթատրոնը, չցանկացան խոսել: «Սա մեր քաղաքն է: Եթե պետք է անգամ այստեղ ամեն ինչից վախենանք, ավելի լավ է առհասարակ չապրենք: Եվ ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ համաքաղաքացիները, դիտելով ֆիլմերը, ինչ-որ նոր բան իմանան և լայնացնեն իրենց մտահորիզոնը»,-նշել է սակավախոս շինարարներից մեկը` Արմենի ընկեր Տիգրանը:

Ցուցադրություն

Անցորդները կանգնում էին կինոթատրոնի դիմաց, և, թեև ազդ-ի վրա գրված էր, որ մուտքն ազատ է, մարդիկ, այդուհանդերձ, հարցնում էին տոմսի արժեքի մասին: 13-14 տարեկան աղջիկներից մեկը պոկեց Ազդ-ից մի կտոր, իսկ կազմակերպիչների մեկի հարցին`ինչու եք փչացնում ԱԶԴ-ը, աղջիկներից մեկը պատասխանեց . «Էտ մենք չէինք, էտ էն փախածներն էին: Հորս արև, մենք չէինք»:

400 տեղանոց դահլիճի ընդամենը մեկ երրորդն էր զբաղված: Հանդիսատեսի մեծ մասը դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտներ էին և ուսանողներ, ովքեր հաճախ խոսում էին ցուցադրության ընթացքում և բուռն կերպով արձագանքում էին էկրանի վրա տեղի ունեցածին. բարձր ծիծաղում էին և մեկնաբանում տեսածը:

Ժյուրիի կողմից ընտրված 10 ֆիլմերի ցուցադրությունը տևեց 50 րոպե:

Ելքի մոտ 10 փոքր ապակե տարրաներ էին տեղադրված, որտեղ հանդիսատեսը պետք է դուր եկած ֆիլմի օգտին թուղթ գցեր: Այս քվեարկությամբ էլ կավարտվի «23,5» փառատոնը: Քվեարկության արդյունքները դեռևս չեն հայտարարվում, սակայն դատելով տարրաներում գցված թղթերի քանակությունից, կարելի է եզրակացնել, որ հաղթել են «Արտիստը», «Քաղաքի ձայներ» և «Պատառաքաղ» ֆիլմերը:

Tekali Taxi