Այսօր Գրողների միությունում «Սարդարապատ» շարժումը հավաք սեմինար անցկացրեց: Սեմինարին մասնակցում էին ոչ միայն շարժման ներկայացուցիչները այլև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես, ՀԱԿ անդամներ Կարապետ Ռուբինյանը և Ալեքսանդր Արզումանյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Սեմինարի ժամանակ «Շախմատային տեսություն» թեմայով ելույթ ունեցավ սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը: Ելույթն ամբողջությամբ նվիրված էր հեղափոխություններին:
Խոսելով արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների մասին, Չուքասզյանը նշել է. «Ժողովրդավարությունը և իսլամական արմատականությունը ձեռք ձեռքի տված են գնում բռնակալների տապալմանը»:
Չուքասզյանը նաև անդրադարձել է «Սարդարապատ» շարժման գործունեությանն ու նպատակների` նշելով, որ «Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարության շարունակական ճգնաժամը թելադրում է իշխանության լեգիտիմության հասնելու և հասարակության բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման միակ հնարավոր ճանապարհը, այն է` Հայաստանում անմիջական ժողովրդավարության ուղիով իշխանափոխության հասնելը»: Դրա պահանջը, ըստ Չուքասզյանի, «քաղաքական ստեղծագործականության հրամայականն է Հայաստանում»:
Բանախոսը նշել է, որ «Սարդարապատ» շարժումը շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսը:
«Այսպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի գալիք բիֆուրկացիայից (դինամիկ համակարգի շարժումների նոր որակի ձեռքբերում համակարգի չափանիշների նվազագույն փոփոխման պարագայում- Epress.am) թռիչքաձև զարգացման ապահովման կարևորագույն նախապայմանը հասարակության և քաղաքական ստեղծագործականության, հատկապես անմիջական ժողովրդավարության կիրառման անհրաժեշտություն է», – ասել է Չուքասզյանը: