Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակն այսօր հարցաքննության ժամանակ կտրուկ վատացել է, որի հետևանքով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ըստ AP գործակալության` պատճառը սրտի հետ լուրջ խնդիրներն են:
Նշենք, որ ապրիլի 11-ին Մուբարաքն առաջին անգամ իր հրաժարականից հետո հանդես եկավ ուղերձով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում: Դիմելով իր համերկրացիներին` նախկին նախագահը կտրականապես հերքել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները և սպառնացել է օրենքով հետապնդել նրանց, ովքեր իրեն ու իր ընտանիքին զրպարտող լուրեր են տարածում և հեղինակազրկում իր անունը:
Ազգային խռովությունների արդյունքում հրաժարական տված 82-ամյա Մուբարաքը նաև հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները անարդար արշավի զոհ են դարձել:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց փետրվարի 11-ին: Հրաժարականի օրվանից ի վեր ոչ Մուբարաքը, ոչ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հայտնվել հանրության առջև: Այս ողջ ընթացքում Եգիպտոսի նախկին առաջնորդն իր ընտանիքի հետ բնակվում էր Շարմ էլ-Շեյխ քաղաքում:
Նշենք, որ Եգիպտոսում ծավալվող հակակառավարական ցույցերի ընթացքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ: Տարբեր աղբյուրներ հաստատում էին, որ հեռուստատեսային ուղերձի ձայնագրության ժամանակ Եգիպտոսի առաջնորդը երկու անգամ կորցրել է գիտակցությունը:
Այնուհետև հայտնի դարձավ, որ նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում և առողջական խնդիրներ չունի: