Home / Հայաստան / Վարչապետը հավատում է, որ այս տարի Հայաստանը 800 տոննա ձուկ կարտահանի

Վարչապետը հավատում է, որ այս տարի Հայաստանը 800 տոննա ձուկ կարտահանի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն:

Կառավարության կայքի հաղորդմամբ, նա շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին:

Վարչապետին ներկայացվել են ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը:

Շրջայցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության ղեկավարը նշել է, որ ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են:

Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել:

«Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն», – ասել է նա:

Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշել է, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն իրականացվում են.

«Արդյունքում, և մենք հանգիստ կլինենք, և իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում: Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է»: