Home / Հայաստան / «Միկան» տիրացավ Հայաստանի գավաթին և եվրագավաթի ուղեգիր ստացավ

«Միկան» տիրացավ Հայաստանի գավաթին և եվրագավաթի ուղեգիր ստացավ

Մայիսի 11-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում խաղարկվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթը: Եզրափակիչում հանդիպեցին Երևանի «Միկան» և Գյումրիի «Շիրակը»: Երկու թիմերի համար հանդիպումը կրկնակի կարևորություն ուներ. հաղթողը ոչ միայն տիրանում էր Հայաստանի գավաթին, այլ նաև հնարավորություն էր ստանում այս ամռանը մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկությանը:

Ստադիոնում տոնական մթնոլորտ էր տիրում հիմնականում շնորհիվ Գյումրիից ժամանած երկրպագուների: Նրանք ողջ հանդիպման ընթացքում աջակցում էին իրենց թիմին, սակայն դա չօգնեց «Շիրակին»: Առաջին խաղակեսում «Միկան» լիակատար խաղային և տարածքային առավելություն ուներ. 14-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսը, իսկ 34-ին գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: «Շիրակն» օգտագործեց առաջին խաղակեսի իր միակ հնարավորությունը՝ հաշվի տարբերությունը կրճատեց Անդրանիկ Բարիկյանը: Երկրորդ խաղակեսն անցավ քիչ թե շատ հավասար պայքարում, սակայն ի տարբերություն «Շիրակի», «Միկան» ավելի հստակ էր գործում գրոհների վերջնամասում: Արմեն Շահգելդյանի տղաները ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը և հաղթանակ տոնեցին 4-1 հաշվով: 3-րդ և 4-րդ գնդակները խփեցին Նարեկ Բեգլարյանն ու չինացի Դոն Ֆանժուն:

Նշենք, որ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները պաստառ բացեցին, որն ուղղված էր «Միկայի» առաջատարներից մեկին՝ ծագումով գյումրեցի Հրայր Մկոյանին: Պաստառի վրա գրված էր. «Հրայր վերադարձի, «Շիրակը» քո տունն է»:

Այս անգամ, սակայն, Մկոյանը գավաթը բարձրացրեց որպես «Միկայի» ավագ:

Tekali Taxi