Home / Հայաստան / Ղարաբաղյան հարցում ժամանակն է շարժվել խաղաղ համաձայնության ուղղությամբ. ԱՄՆ

Ղարաբաղյան հարցում ժամանակն է շարժվել խաղաղ համաձայնության ուղղությամբ. ԱՄՆ

Մայիսի 18-ին Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում խոսել է Եվրոպայում ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մասին` անդրադառնալով նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին:

«Կովկասի վերաբերյալ պետք է ասեմ, որ տարածաշրջանում Եվրամիության և այլ միջազգային գործընկերների հետ մեր միասնական ջանքերը առաջընթաց գրանցեցին, սակայն տարածքային վեճերը և գիտակցված քաղաքական և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը դեռևս լուրջ խոչընդոտներ են հանդիսանում առավել մեծ կայունության ապահովման համար: Վրաստանի ներքին հարցերին մեր հետևողական մասնակցությունն ու ազնիվ համագործակցությունը նպատակաուղղված էին Վրաստանը ծաղկող ժողովրդավարական երկիր և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր դարձնելուն: Մեր եվրոպական գործընկերների հետ միասին մենք կշարունակենք պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնավարությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում և կշարունակենք միջազգային աջակցությամբ ապահովել Վրաստանին վիճելի տարածքների`Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում», – ասել է Գորդոնը:

Նա նշել է նաև, որ տարածաշրջանի մյուս երկրներում ԱՄՆ-ն շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների իրականացում պահանջել, ինչպես նաև`բացել  քաղաքական դաշտը, որպեսզի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամբողջապես հարգվեն:

«Խրախուսելու ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Մինսկի խմբի միջոցով մեծացնելու ենք մեր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության հարցում` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ մեկտեղ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծում գտնել: Մենք խորապես հավատացած ենք, որ ժամանակն է եկել ընդունել հիմնարար սկզբունքները  և շարժվել խաղաղ համաձայնության ուղղությամբ», – նշել է Գորդոնը:

Tekali Taxi