Երեկ գիշերը՝ ժամը 4:35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ, 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը գտնվող 4 մարդու և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարներն ու ոսկեղենը: : Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակներն այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել: Առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում ավտոմեքենան հայտնաբերվել է Շնեգավիթում: Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունները հաստատել են՝ հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյայի անունն առայժմ չի հաղորդվում: