Home / Հայաստան / Ակտիվիստը համոզված է, որ «ազգի ողնաշարը» կոտրում են երթուղային տաքսիները

Ակտիվիստը համոզված է, որ «ազգի ողնաշարը» կոտրում են երթուղային տաքսիները

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում «Արժանապատիվ տրանսպորտ» անվամբ խումբ է ձևավորվել է, որն ունի արդեն մոտ 500 անդամ:

Epress.am-ի հետ զրույցում խմբի գործունեության մասին պատմել է նախաձեռնող անդամ Արման Ղարիբյանը.

«Մենք` տրանսպորտի վիճակով մտահոգվածներս, վաղուց էինք մտածում որևէ բան անելու մասին: Հնարավոր չէ ապրել Հայաստանում և չդժգոհել տրանսպորտից` բացառությամբ մետրոյից, որը, ցավոք, ոչ բոլոր համայնքներն է սպասարկում:

Երթուղային տաքսիները շատ վատ են աշխատում, չեն հետևում տենդերում նշված իրենց պարտականություններին, ճիշտ պարբերականությամբ չեն մոտենում կանգառներին, այլ դիտավորյալ ուշանում են, որպեսզի մեկ մեքենայում հնարավորինս շատ մարդ տեղավորեն և շատ գումար վաստակեն:

Ղարիբյանի խոսքով` սա ազգային անվտանգության խնդիր է` ազգի ողնաշարը կոտրվում է երթուղայինում և ֆիզիկապես, և հոգեպես:

«Ես ինձ ամեն անգամ անարգված եմ զգում, երբ ստիպված եմ լինում երթուղայինում կանգնել: Մենք գուցե չենք գիտակցում, բայց դա ամենօրյա սթրես է բոլորիս համար», – ասել է նա:

Ղարիբյանը նշել է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երթուղայիններից է օգտվում, որոնց պատճառով մարդիկ կամ ուշանում են աշխատանքից կամ ստիպված են լինում ոչ մարդավայել իրավիճակում երթևեկել:

«Ժամանակն է վերջ տալ այս մարդկային արժանապատվությանն անհարիր վիճակին: Մենք պետությունից պահանջելու ենք հասարակությանը տրամադրել արժանապատիվ տրանսպորտ: Սա այն խնդիրն է, որ մերժում չի կարող լինել, եթե լինի, չենք հանդուրժելու, պայքարելու ենք», – ասել է Ղարիբյանը:

Ակտիվիստը հավելել է, որ այս պահին «Արժանապատիվ տրանսպորտ» խումբը դեռևս վերջնականապես կազմավորված չէ, խմբի գործողությունները կհաստատվեն այս շաբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ:

Tekali Taxi