Մտավախություն կա, որ աղավաղելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բառերի հիմնական իմաստը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը փորձ է արել հասարակությանը պատրաստել միակողմանի և չարդարացված զիջումների: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գեորգի Ավետիսյանը:
Նշենք,որ երեկ Regnum գործակալության հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկա փուլը կարելի է ավարտված համարել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաձայնության առկայության դեպքում:
«Այստեղ ես լիովին համաձայն եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշման հետ այն հարցում, որ առանց Արցախի և բանակցություններին վերջինիս մասնակցության հազիվ թե հնարավոր է առաջխաղացում արձանագրել խաղաղ կարգավորման գործընթացում», – ասել էր Շարմազանովը:
Ըստ Գեորգի Ավետիսյանի` իրականում ԼՂՀ նախագահն ասել էր. «Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման ուղղությամբ նշանակալի առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների ամբողջական ձևաչափը` Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցությամբ»:
«ԼՂՀ նախագահի ասածի հիմքում ԼՂ լիիրավ մասնակցությունն է բանակցություններին, որը կօժտի վերջինիս վետոյի իրավունքով: Իսկ Շարմազանովը խոսում է պարզապես մասնակցության մասին, փաստորեն, կրկնելով Մադրիդյան փաստաթղթի այն դրույթը, համաձայն որի ԼՂ-ն դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել ԼՂ վերաբերյալ քննարկումներին ԵԱՀԿ շրջանակներում:
Չեմ ուզում հավատալ, որ Շարմազանովը կրկնում է ադրբեջանցիների պահանջը` ԼՂ-ին որպես բանակցությունների լիիրավ մասնակից դուրս թողնելու վերաբերյալ: «Աննաշան» փոփոխելով ասվածի իմաստը` փորձ է արվում արդարացնել Մադրիդյան դավադիր սկզբունքները կազմողներին, որի արդյունքում եթե Հայաստանի ստորագրում է նման ձևակերպման տակ, Լեռնային Ղարաբաղը որպես գործոն պարզապես վերանում է», – նշել է Ավետիսյանը: