Home / Հայաստան / Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացրեցին. ակցիա

Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացրեցին. ակցիա

Այսօր Երևանում բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդիկ ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց: Բողոքավոր առևտրականներն իրենց հետ մրգեր և բանջարեղեն էին բերել, որոնք շենքի մոտ լցրեցին տարաների մեջ, դրանք դրեցին գետնին և սկսեցին առևտուր իրականացնել: Ի դեպ, այդ գործում նրանց օգնում էր  ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքողները Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի նստավայրի առջև պարբերաբար ակցիաներ են անցկացնում` սկսած այս տարվա հունվարի կեսերից:

Այսօրվա ակցիայի մասնակիցներից Գայանե Մուրադյանը և Կիմա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել են, որ իրենք վեց ամիս պայքարում են, բայց իրենց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

‹‹Ես զույգ որդիներ ունեմ բանակում ծառայող, ես ի՞նչ հող տամ իմ գլխին, որ իմ երեխաներին չեմ կարողանում մի բան ուղարկեմ: Ամուսինս էլ հիվանդ է››, – վրդովված պատմել է Գայանե Մուրադյանը:

Կիմա Գրիգորյանը լրագրողներին պատմել է, որ Երևանի քաղաքապետարանի` քաղաքի տարբեր վայրերում մինի-շուկաների ստեղծման գաղափարն այդպես էլ կյանքի չի կոչվել.

‹‹Իրանց գլխին կպնի իրանց մինի շուկան: Չկա մինի-շուկա: Իսկ շուկաներում օրական 3000-4000 դրամ են ուզում, ես որտեղի՞ց էդքան գումար տամ››:

Իր հերթին, Գայանե Մուրադյանը նշել է, որ եթե իրեն աշխատանքով ապահովեն, ապա ինքը բացօթյա առևտրով չի զբաղվի, սակայն, նրա խոսքով, այժմ 25 տարեկանից հետո աշխատանքի չեն ընդունում:

Առևտրականներից մեկը փորձել է կատակել` ասելով. ‹‹Մինի հագի, գնա, կընդունեն››, ինչին Մուրադյանն արձագանքել է.

‹‹Թող իրանից կնանիք մինի հագնեն, գնան, տռասին կանգնեն››:

Նշենք, որ տարածքում հավաքված բազմաթիվ ոստիկաններն այս անգամ չեն միջամտել առևտրականների գործողություններին:

Tekali Taxi