Գլխավոր / Հայաստան / Ինչ է գրել Գարեգին Բ-ն Բարաք Օբամային

Ինչ է գրել Գարեգին Բ-ն Բարաք Օբամային

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2009 թվականի վերջին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում անդրադարձ է կատարվում Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների խնդրին:

Նամակի մասին ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթում զեկուցել է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:

Իր տեքստում Փենինգթոնը նշում է, որ նամակը Օբամային փոխանցելու համար ստացել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Ամենայն Հայոց Կաթողիսկոսը նշում է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահի «բարձր ուշադրությունը» հրավիրել «Վրաստանում կրոնական փոքրամասնությունների անընդունելի վիճակի վրա»:

«Որպես Հայոց եկեղեցու առաջնորդ պետք է նշեմ, որ վերջին 20 տարիների մեր չհաջողված փորձը ստիպում է մեզ եզրակացնել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում կրոնական ոլորտում իրավիճակը չի փոխվել: Հակառակը, կրոնական կյանքը Վրաստանում, չհաշված Վրաստանի Ուղղափառ եկեղեցու ներսում, ավելի սահմանափակ է, կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և անհանդուրժողականությունների ենթակա», – գրում է Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսը նշում է, որ տարիների ընթացքում բազմաթիվ անհաջող փորձեր են արվել աշխատել Վրաստանի կառավարության և Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հետ Հայ Առաքելական եկեղեցու և համայնքների կարգավիճակը կանոնակարգել:

Ըստ այդմ, Կաթողիկոսը ցանկացել է ԱՄՆ նախագահի ուշադրությունը հրավիրել հետևյալ 2 խնդիրների վրա.

1. Վրաստանի կրոնական փոքրամասնությունների իրավական կարգավիճակի բացակայություն

2. Վրաստանի կառավարության մերժումը այլ եկեղեցիներին վերադարձնել նրանց պատկանող անշարժ գույքը

Գարեգին Բ-ն իր նամակում խնդրում է Բարաք Օբամային ստիպել Վրաստանի իշխանություններին իրականացնել իրենց միջազգային պարտավորությունները, որոնցից ամենակարևորն է ապահովել, որպեսզի բոլոր քրիստոնյա եկեղեցիները, ինչպես նաև այլ հավատքներին հետևող կազմակերպությունները կարողանան գործել նորմալ միջավայրում, իսկ մարդու իրավունքները հարգված և պաշտպանված լինեն:

Որպես վրացական կողմի անուշադրության օրինակ Գարեգին Բ-ն նշում է Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու քանդվելու փաստը, որը տեղի է ունեցել 2009-ի վերջին:

Նամակի վերջում Հայոց Պատրիարքը հույս է հայտնում, որ ԱՄՆ կառավարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի «անընդունելի իրավիճակի վրա դրականորեն ազդելու համար»:

Նշենք, որ 2011 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունն ընդունել է կրոնական փոքրամասնություններին իրավական կարգավիճակ շնորհելու մասին օրենքը:

Tekali Taxi