հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Կսպասենք անօրինական գործընթացի ավարտին». Կոալիցիան` երկխոսության մասին

«Կսպասենք անօրինական գործընթացի ավարտին». Կոալիցիան` երկխոսության մասին

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար ձևավորված իշխանական պատվիրակության անդամները երկուշաբթի երեկոյան հանդես եկան հայտարարությամբ, որում նշում են, որ  «չեն կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելը այն արդյունավետ կդարձնի»:
«Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները», – համատեղ հայտարարության մեջ նշել են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները ՀԱԿ-ի հետ առկախված երկխոսությունը վերսկսելու հարցը քննարկելուց հետո:

Նշենք, որ երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը և խմբի անդամներից Նաիրա Զոհրաբյանը ներկա չեն եղել քննարկմանը, քանի որ մասնակցում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Սակայն, ինչպես նախքան քննարկումը սկսելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր իշխանական պատվիրակության խմբի անդամ Գագիկ Մինասյանը, այդ հանգամանքը չի խանգարի, որ երկխոսության վերաբերյալ որոշումը կայացվի:

«Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետեւողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունների խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել», – ասված է իշխանական պատվիրակության տարածած հաղորդագրությունում: