Home / Հայաստան / Հայաստանին զենք վաճառելը սխալ քաղաքական քայլ էր. զղջում է Մոլդովան

Հայաստանին զենք վաճառելը սխալ քաղաքական քայլ էր. զղջում է Մոլդովան

Մոլդովայի հանրապետության վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ընդունել է, որ Հայաստանին զենք վաճառելը սխալ քաղաքական քայլ էր և ներողություն է հայցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Բաքվում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն:

Դիվանագետը հայտարարել է, որ Քիշնևը իսկապես Հայաստանին 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ զենք է վաճառել և այդ փաստը «սխալ քաղաքական քայլ» է որակել: Միաժամանակ նա ընդգծել է, որ «Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չկան, որոնք արգելում են նրան զենք վաճառել»:

«Ե’վ Մոլդովան, և’ Ադրբեջանը ԳՈՒԱՄ-ի (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն, որի անդամներն են Ադրբեջանը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան) անդամ պետություններ են, և մենք հույս ունենք, որ այդ փաստը վնաս չի հասցնի մեր հարաբերություններին: Մոլդովայում այժմ երկու հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք զբաղվում են տվյալ միջադեպի քննությամբ: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դա սխալ քաղաքական քայլ էր»,- եզրափակել է Իգոր Բոդյուն:

Moldnews-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Վլադիմիր Ֆիլատը հայտարարել է, որ ոչինչ չգիտի Հայաստանին հրթիռային և հրետանային համակարգերի վաճառելու մասին, չնայած այն հանգամանքին, որ իր ստորագրությունը դրված է վաճառքի մասին փաստաթղթերի տակ:

Tekali Taxi