ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ՀՀ նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:
Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը՝ վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը և Գրիգոլ Վաշաձեն ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր:
Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով: