2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀՀ դատախազության մոտ խոշտանգված աղջկա գործով արդար վճիռ կպահանջեն

Այսօր, ժամը 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» նախաձեռնությունը ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկազմակերպի ակցիա ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի  քննություն պահանջելու նպատակով:

Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային` պահանջելով արժանի պատիժ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքին:

Նշենք, որ Մարիամ Գևորգյանի դեպքի մասին գրել էր hetq.am կայքը: 20-ամյա աղջիկը 2009 թվականի վերջին ամուսնացել էր Դավիթ Զիրոյանի հետ և մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրում էր ամուսնու ընտանիքը: Այնտեղ աղջկան փակի տակ են պահել` 10 ամսվա ընթացքում դաժան խոշտանգումների ենթարկելով: Մարիամին հաջողվել փախչել և վերադառնալ Հայաստան, որտեղ ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, մեղադրանք է առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել համաներմամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել են, որ Հայկանուշ Միքայելյանի մասով ընթանում է նախաքննություն, և միայն դրա ավարտից հետո կարելի է հստակ ասել, թե վերջինիս արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում:

Նշենք, որ Դավիթ Զիրոյանի առաջին կինը, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակեն, Սանկտ Պետերբուրգում ապրել է 3 տարի` 2005-ից 2008 թվականը, և խոշտանգումների ենթարկվելու հետևանքով կորցրել է աչքերից մեկի տեսողությունը:

«Հետքի» փոխանցմամբ, Մարիամ Գևորգյանն ասել է պայքարելու է մինչև վերջ արդար վճռի հասնելու համար: