2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Կիմ Չեն Իրին տարան դամբարան. Հյուսիսային Կորեային միավորում են սգո շուրջ

Հարյուր հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Պհենյանի կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 17-ին մահացած առաջնորդ Կիմ Չեն Իրի հիշատակին նվիրված սգո վերջին արարողությանը մասնակցելու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսօր Կենտրոնական բեմահարթակին է գտնվել Կիմ Չեն Իրի որդին և ժառանգորդը` Կիմ Չեն Ինը, որին Հյուսիսկորական քարոզչությունն արդեն իսկ որպես «հզոր ժառանգորդ» է ներկայացնում:

Նախօրեին սգո շարասյունը, որն առաջնորդում էր Կիմ Չեն Իրի դագաղը տանիքին կրող լիմուզինը, անցել է մայրաքաղաքի փողոցներով, որպեզի ժողովուրդը կարողանա հրաժեշտ տալ «հզոր առաջնորդին»:

Ուղիղ հեռարձակման ժամանակ երևում էր ինչպես է սգո շարասյունն անցնում հարյուր հազարավոր մարդկանց կողքով, որոնք հեկեկում էին և առաջնորդի անունը բղավում:

Նրա մարմինը գտնվում է Կիմսուսան հուշահամալիրային պալատում` նրա հոր ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի կողքին:

Ինչպես նշում է BBC-ն, սգո այս բեմականացված արարողությունը, շքերթը և մարդկանց թափորը կոնկրետ քաղաքական նպատակ ունի. Միավորել երկիրը միասնական սգո գաղափարի շուրջ, որպեսզի իշխող ռեժիմը կարողանա ապահովել իշխանության հանգիստ փոխանցման գործընթացը:

Սեուլում ամենից շատ վախենում են, որ նոր թույլ հյուսիսկորեական առաջնորդը կփորձի իր դիրքերն ամրապնդել իր հարավային հարևանի հետ հերթական զինված հակամարտությամբ:

BBC-ի թղթակցի խոսքով` սգո արարողությանը հարյուր հազարավոր, իսկ որոշ գնահատականներով, նաև միլիոնի հասնող մարդկանց մասնակցությունը կոչված է աշխարհին ապացուցելու, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունը իշխող ռեժիմի վերահսկողության տակ է գտնվում և Կիմ Չեն Իրի մահը չի թուլացնի այն: