ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանն իր թեկնածությունն է առաջադրելու 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Մյասնիկ Մալխասյանն առաջադրվելու է Ապարան քաղաքում:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի զրույցում տեղեկացրել է ինքը՝ Մալխասյանը՝ հայտարարելով որ ընտրատարածքի բնակիչների հետ իր հանդիպումները «գալիս են ապացուցելու, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի այս ընտրություններում»։
Թերթը նշում է, որ Ապարանի շրջանի նույն ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրելու նաև ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը և «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը։
Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանը պատգամավոր է ընտրվել 2007 թվականին, որից հետո 2008 թվականի նախագահական ընտրություններին աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի իրադարձություններից հետո զրկվել է պատգամավորական մանդատից, ձերբակալվել է` մեղադրվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: 2009 թվականի հունիսին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և ազատ արձակվել համաներմամբ: