Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Բուզանդ, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը շարժվել են նախագահական նստավայր` շարունակելու օրեր առաջ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց սկսած նստացույցը:
«Մենք կրկին եկել ենք Բաղրամյան 26` ակնկալելով ստանալ մեր հարցի պատասխանը, բայց որքան հասկացանք, այստեղ մեզ ոչ ոք չի սպասում: Եթե առաջին օրերին նախագահականից ձևական կերպով մեկ-երկու հոգի մոտեցան ու հարցեր տվեցին, ապա այսօր մենք լիովին արհամարված ենք: Նախագահականում ոչ ոք չի մտածում` մենք աշխատանք ունենք, անչափահաս երեխաներ և չենք կարող օրերով գալ ու սպասել, թե երբ կբարեհաճեն մեզ պատասխանել կամ ուշադրության արժանացնել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մարիաննա Ամիրջանյանը:
Նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու և պատկան մարմիններից դրական պատասխան չստանալու դեպքում իրենք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել:
Ժամը 16.30-ի դրությամբ նրանք դադարեցրել են իրենց բողոքի ակցիան` վաղը կրկին վերադառնալու նպատակով:
«Վաղը գալու ենք նախագահական նստավայր ու տեղում որոշելու ենք հետագա անելիքները: Թող չմտածեն, թե հիասթափվելու ենք կամ, անուշադրության մատնված լինելով, աստիճանաբար հետ ենք կանգնելու պայքարի մտքից: Մենք ենք մեր իրավունքների տերն ու պաշտպանը, թող իշխանությունները չփորձեն մեզ համոզել կամ տարիներ շարունակ տված սուտ խոստումներով ժամանակ շահել, բավական է, մինչև կոկորդներս կուշտ ենք», – եզրափակել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին վերոնշյալ փողոցներում բնակվող բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: