Home / Հայաստան / Բնապահպանները հույս ունեն, որ իրենց կոչին կարձագանքեն սփյուռքահայ գործարարները

Բնապահպանները հույս ունեն, որ իրենց կոչին կարձագանքեն սփյուռքահայ գործարարները

Օրեցօր շատացող արդյունաբերական ծրագրերով բնության շահագործումը կանխել փորձող բնապահպանները պահանջում են դադարեցնել հանքաարդյունաբերական այդ գործընթացները ոչ միայն այն պատճառով, որ դրանք հանգեցնում են բնապահապանական շատ լուրջ բացասական հետևանքների, այլև այն պատճառով, որ իրականում դրանք չեն լուծում տեղի բնակչության ունեցած սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Փաստորեն, մեր նորօրյա հանքատերերը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում նախկին և ներկա պաշտոնյաները, պատգամավորները կամ նրանց մերձավորները, օգտվելով պետության «մեղմ» քաղաքականությունից և բնակչության ծայրահեղ աղքատ իրավիճակից, նոր աշխատատեղեր ստեղծելու անվան տակ, հեշտությամբ տիրանում են երկրի հարստությանը և բնակչությանն օգտագործում որպես սեւագործ բանվորներ: Հանքավայրերում աշխատող բնակչության մոտ ստեղծվել է այսպիսի մի կարգախոս. ավելի լավ է թունավորվենք, քան սովից մահանանք»,- ասված էր հունվարի 18-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կոչում:

Այս առնչությամբ Epress.am-ը զրուցել է բնապահպան Արման Վերմիշյանի հետ, ով նշել է, որ նման այլընտրանքի մասին միտք շուտվանից կար, սակայն սույն նախաձեռնությունը սկիզբ առավ հունվարի 15-ին Թեղուտ և Շնողի գյուղեր կատարած այցից հետո:

Գյուղերի բնակչները հստակ գիտակցելով հանքի շահագործման վտանգը` ասել են, որ չեն տեսնում այլ միջոց իրենց ապրուստը վաստակելու համար:

«Գյուղացիները մեզ հետ զրույցում նշել են, որ կողմ կլինեն հանքի փակվելուն, եթե իրենց գյուղում ստեղծվեն այլ աշխատատեղերը, առաջարկել են, օրինակ, կարի ֆաբրիկա, գյուղմթերքի մշակման գործարան ստեղծել: Այսինքն` էդ մարդիկ ասում են, եթե փակվի հանքը, ինչպե՞ս ենք ապրելու մենք»,- ասել է Արման Վերմիշյանը:

Բնապահպանների և գյուղացիների քննարկումից հետո բնապահպանները վերադառնալով Երևան կոչ են տարածել` ստեղծելու նման այլընտրանքային բիզնեսներ Հայաստանի խոցելի համայնքներում, հատկապես նոր հանքավայրերի մերձքակա գյուղերում:

Արման Վերմիշյանն ասել է, որ իրենք ավելի շատ հույս ունեն, որ կոչին կարձագանքեն սփյուռքահայ գործարարները: