Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, գեներալ Մանվելի Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման համար, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթևեկելու հնարավորությունից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Մասիսի շրջանի բազմաթիվ գյուղերին սպասարկող տրանսպորտային գծերը կենտրոնացված են գեներալի ձեռքում։ Ընդ որում, օրինակ, Նորաբաց, Դարակերտ, Դաշտական և հարակից այլ գյուղերին սպասարկում են հնամաշ մեծ ավտոբուսներ, որոնք էլ երեկոյան ժամը վեցից հետո չեն աշխատում, իսկ համայնքի ղեկավարները տարիներ շարունակ չէին կարողանում հարցին լուծում տալ։
Միայն վերջերս, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյաևի աջակցությամբ, հարցը սկսել է լուծում ստանալ, և, Գրիգորյանի ավտոբուսներին զուգահեռ, այս շաբաթվա սկզբից Նորաբաց և Դարակերտ գյուղերին սպասարկում էին դեղին 36 համարի «Բոգդան» ավտոբուսները, սակայն դա մի քանի օր է տևել։
Օրաթերթը գրում է, որ նախօրեին Դարակերտ գյուղի մոտակայքում մի խումբ մարդիկ, որոնք, գյուղացիների հավաստմամբ, գեներալ Մանվելի կողմնակիցներն են եղել, ավտոբուսի ղեկից իջեցրել են վարորդին և ծեծել։ Դրանից հետո տվյալ ընկերության ավտոբուսներն այլևս չեն աշխատում», – գրում է թերթը։
Երեկ մի խումբ դարակերտցիներ եկել են «Հրապարակի» խմբագրություն՝ անհանգստություն հայտնելով, որ գիծը հավանաբար այլևս չի վերականգնվի, քանի որ, նրանց խոսքով, դրանում շահագրգիռ է նաև իրենց գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը:
«Գյուղի տաքսին իր որդունն է, ինչի՞ պիտի նա ուզենա, որ ուշ ժամի տրանսպորտ աշխատի գյուղում, բա իրենց բիզնեսի ճակատագիրը ո՞նց կլինի», – ասել են գյուղացիները։
Թերթի թղթակիցը զանգահարել է Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանին։ Նա ասել է, որ ինքը և հարևան գյուղի գյուղապետն են նամակ ուղարկել տրանսպորտի նախարարություն։
«Ընդհանրապես դեմ չեմ եղել, ճիշտ է՝ դժվարությամբ դա եղավ, բայց փաստ է, որ մի քանի օր է, ինչ գյուղում արդեն այդ ավտոբուսներն են սպասարկում: Ես ընդամենը որոշ ժամանակ առաջ մեր արդարադատության նախարարին, որ մեր համագյուղացին է, տեղյակ եմ պահել, որ ավտոբուսի համար մերժել են, մնացածն իրենք կազմակերպել են»,– նշել է Սիմոնյանը:
Գյուղապետն անտեղյակ է եղել, որ ավտոբուսներն այլևս չեն գործում, իսկ երբ այդ մասին տեղեկացել է լրագրողից, նա ասել է, որ ոչ մի միջադեպ չի եղել, վարորդին չեն ծեծել:
«Նման միջադեպ, 100 տոկոս ասեմ, չի եղել, ես չեմ լսել, որովհետև եթե լիներ, առաջինը ես կիմանայի, բայց մենք, երբ Վարդանի՝ այդ կազմակերպության տիրոջ հետ խոսեցինք, ինքն ասաց, որ Մանվելը գիտի, էդ հարցը կարգավորված ա, Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել, որ էդ ավտոբուսները կիջնեն այլ գյուղեր էլ», – ասել է նա։
«Հրապարակը» նշում է, որ երբ նյութն արդեն պատրաստ է եղել, խմբագրություն է զանգահարել Վարդան անունով մեկը, ներկայացել է Մասիսի երթուղին սպասարկող նոր տրանսպորտային ընկերության տնօրեն, և ասել է. «Ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի խնդիր էլ չկա, պարզապես մենք պետք է օրինականացնենք մեր փաստաթղթերը և երկուշաբթի օրվանից նորից գիծ կմտնենք: Ուղղակի Դարակերտ պիտի չմտներ, դրա համար էլ չենք մտնում։ Դարակերտի գյուղապետը զանգեց, ինձ ասեց, ասեցի ձեզ տեղյակ պահեմ, որ ոչ մի խնդիր էլ չկա», – ասել է տնօրեն Վարդանը: