Աղքատության հաղթահարումը և «Ֆլեշ»-ի բացառիկ հնարավորությունները` ըստ վարչապետի
Աղքատության հաղթահարման կարևորագույն գործոնը կրթության հասանելիությունն է: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ այդ մասին վկայում են կառավարության անցկացրած ուսումնասիրությունները:
«Այն ընտանիքները, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթություն սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարաններից, բուհերից, նրանք մշտապես ունենում են աղքատության խնդիր: Այդ տեսակետից մեր քաղաքականության մեջ տեղի է ունենում շեշտակի փոփոխություն. այն է` այսուհետև մեր սոցիալական ծրագրերն ուղղված են լինելու, առաջին հերթին, անապահով խավերի համար կրթությունը հասանելի դարձնելուն, և պետությունն իրականացնելու է ծրագրեր, որոնք հնարավորություն են ստեղծելու սոցիալական խավերի համար ստանալ կրթություն», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Որպես կարևոր խնդիր նա նշել է գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումը, որպեսզի «այն հողատարածքները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում, օգտագործվեն, և ցանքատարածքներն ընդլայնվեն»:
«Դրա համար մենք ձեզ հետ միասին երկու տարի է` գյուղատնտեսությունը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և տրամադրում ենք այնպիսի օժանդակություն, որը տալիս է իրական արդյունքներ: Այսօր հերթական ծրագիրն ենք հաստատելու, որի նպատակն է դիզվառելիքը հասանելի դարձնել բոլոր համայնքների համար մատչելի գներով, ինչը կնպաստի նրան, որ այս տարվա գարնանացանի ընթացքում էապես կընդլայնվեն մշակվող հողատարածքները: Դրա համար մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն և պարարտանյութը, այլև դիզվառելիքը, որը կարևորագույն կոմպոնենտ է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի մեջ: Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել` ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ», - հայտարարել է Սարգսյանը: