«Շուշան Պետրոսյան, դուք` որպես մայր, որ անդամագրվել եք ՀՀԿ-ին, ի՞նչ եք մտածում [բանակում] այսքան սպանությունների մասին, որ լինում են մինչ օրս այս խաղաղ պայմաններում: Իսկ եթե դուք ձեր թեկնածությունն եք դրել, ի՞նչ կարծիքի եք` ո՞վ պետք է այսքան սպանությունների, քննիչների վատ աշխատանքների դեմն առնի: Դուք, ավելի լավ է, ձեր երգերը երգեք, ձեզանից ի՞նչ ՀՀԿ անդամ», – այս մասին ասված է բանակում զոհված զինվոր Թորգոմ Սարուխանյանի մոր` Լենա Սարուխանյանի հայտարարության մեջ:
«Ձեր թեկնածությունն առաջադրելուց առաջ գոնե մեկ անգամ զոհված մայրերի հետ հանդիպե՞լ եք, այդ մայրերի հոգեբանության մեջ մտե՞լ եք, ի՞նչ եք մտածում այդ մայրերի մասին, ի՞նչ եք մտածում այսքան անարդարությունների մասին, և ամենակարևորը, թե ինչու են սպանում մեր երիտասարդ սերունդին», – գրել է Լենա Սարուխանյանը:
Իր հայտարարության մեջ զոհված զինվորի մայրն անդրադարձել է նաև երգչուհի Նունե Եսայանին, ով օրերս հայտարարել էր, որ բանակում գրանցվող միջադեպերը երիտասարդների դատարկ ուղեղների պատճառներով են գրանցվում, «երբ մեկը մյուսին մայր է հայհոյում»:
«Իսկ Նունե աստղիկը իրավունք ունե՞ր այդ տգիտությունը արտահայտել մեր զոհված զինվորների մասին: Նունե աստղիկը ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում. ի՞նչ իրավունք ունի մեր անմեղ զոհ դարձած զինվորներին անուղեղ անվանի այդ անբարոն: Ինքը չի հասկանում, որ մենք իրեն կհոշոտենք: Դուք, որպես մայր, մի պահ ձեզ դրեք սպանված զինվորների մայրերի տեղը, հետո չմեղադրեք, թե որ վատ ենք արտահայտվում ձեր մասին, դա քիչ է, դուք ավելիին եք արժանի, Նունե աստղիկ», – գրել է տիկին Սարուխանյանը:
«Բոլորին էլ անշահախնդիր անարխիստ ձևով սպանում են, հետո կրակում, որ արդարանան, բայց մի օր դրանց վերջն էլ է գալու: Եթե ունենայինք նորմալ ժողովրդի կողմից ընտրված նախագահ, էլ չեմ ասում մնացածների մասին և իրավասու մարմիների մասին, որ ճիշտ աշխատելաձև չգիտեն: Իսկ կատարածուներն էլ այդ սուտն այդպես էլ առաջ են տանում սպանությունը «ինքնասպանության» վարկածով, այսինքն` նույն սյուժեով: Այս ամենի գլխավոր մեղավորները Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն են: Ես, որպես զոհված զինվորի մայր, բողոքում եմ բոլորիդ դեմ, որովհետև այդ իրավունքն ունեմ: Դուք եք ստիպել ինձ այդ կերպ վարվեմ: Դուք բոլորդ ե՞րբ եք վերջապես հասկանալու որ իմ որդին ինքնասպան չի եղել, այլ սպանվել է», – եզրափակել է Լենա Սարուխանյանը:
Լուսանկարը` armenianow.com