Ռեժիսոր և դերասան Աշոտ Ադամյանին բավականին ուրախացրել է ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը. «Հավատանք, որ փոխենք»: Այս մասին դերասանն ասել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում:
«Նման ծիծաղելի հայտարարությունների և կարգախոսների համար պարզ է` «մեծ տաղանդ է պետք ունենալ»: Բացատրությունը երեսի վրա է. եթե տեսնեմ նրանց նորմալ աշխատանքը, ուրեմն կտեսնեմ։ Բայց հավատալ, ինչպես կարգախոսն է ասում, ես հո աննորմալ չե՞մ, որ հավատամ այն բանին, ինչը չի երևում», – պարզաբանել է Ադամյանը:
Դերասանի խոսքով` Սերժ Սարգսյանը ասում է հավատացե’ք, քանի որ հենց իրենք իրենց չեն հավատում և այդ կոչը հենց իրենց է ուղղված
«Այդ կոչը ադեկվատ չէ նրան, ինչի մեջ մեր երկիրն է։ Երկիրը համակարգային հզոր վերափոխումների կարիք ունի՝ և տնտեսության մեջ, և սոցիալական հարցերում, և արտագաղթի հարցում, և բարոյական դաշտում, և լեզվի, և կրթության, և առողջապահության, մինչև իսկ ամենամանր խնդիրներում։ Բոլոր ուղղություններով պետք է փոխել երկիրը, որովհետև ոչինչ չի գործում: Չի գործում և հանկարծ հավատամ, որ փչացած մեխանիզմը աշխատելո՞ւ է… չի աշխատելու, եղբայր։ Այն վերանորոգման կարիք ունի», – ասել է ռեժիսորը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակին, դերասանը վստահեցրել է, որ եթե իսկապես կարդար այդ ցուցակը և տեսներ, որ այնտեղ արժանավոր մարդիկ կան ուրախ կլիներ. «Գուցե այդ դեպքում կոչի հետ համադրելով՝ մտածեի, թե՝ այո, ներքին ազդեցություն է սկսել ունենալ իրենց կոչը։ Բայց հիմա կարդում եմ և տեսնում եմ, որ հավատի դեֆիցիտն արտացոլվում է նաև իրենց ցուցակի մեջ։ Որովհետև՝ թե ինչ են իրենցից ներկայացնում այն մարդիկ, ովքեր այդ ցուցակում են ներառվել, կարող էին ներառվել ցանկացած այլ կուսակցության ցուցակում՝ պատեհապաշտության սկզբունքից ելնելով։ Բոլորը»:
Դերասանը վստահ է, որ ՀՀԿ-ին ոչ մի նոր բան չի կարող բերել նաև Արտաշես Գեղամյանը և նրա նման քաղաքական գործիչները. «Մեռած քաղաքական գործիչները, ովքեր տապալել են քաղաքական միավորները որպես այդպիսին, և հավակնում են նորից մուտք գործել քաղաքական դաշտ, որտեղ 0-ական նշանակություն ունեցող գործոն են դարձել, դա ուղղակի ծիծաղելի է, կոմեդիայի ժանրից»։
Սերժ Սարգսյանի` ՕԵԿ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե «ՕԵԿ-ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է» դերասանին հուշում է, որ ինքը ճիշտ է անում, որ իրենց չի հավատում:
«Թե ինչ է իրենից որպես բարոյական միավոր ներկայացնում ՕԵԿ-ը, միանշանակ պարզ է. բարոյականությունն այնտեղ բացակայում է, այնտեղ բարոյականության դեֆիցիտ կա։ Եվ եթե իրենք իրար այդպես են ընկալում, ապա խաղի եղանակը պարզ է՝ ծառայիր՝ կստանաս»։
Ադամյանը միաժամանակ կարծում է, որ ամեն դեպքում պետք է մասնակցել քաղաքական պրոցեսներին. «Քանի հստակ գիտենք, թե որտեղ ենք գտնվում, ապա ցանկացած միջոց, որը կնպաստի իշխանափոխությանը, մարդավարի երկիր կառուցելուն՝ պետք է կիրառել։ Ներառյալ, բնականաբար, ընտրությունները։ Որովհետև մենք օտարանում ենք ամեն ինչից, որովհետեւ գլխավոր գործող անձը այլեւս ժողովուրդը չէ, որը ունի ունակության երբեմն ի ցույց դնելու վերջին կաթիլի ֆենոմենը»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված լինելու և ընտրական գործընթացներում ներգրավվածության հարցին, Ադամյանը պատասխանել է.
«Ես ներգրավված եմ ցանկացած պրոցեսի, որր կնպասի իմ ասածները իրականություն դարձնելուն։ Որքանով տեղյակ եմ, ես ներգրավված եմ նաև Կոնգրեսի համամասնական ցուցակում։ Ինձ համար էական էլ չէ, թե որ տեղում եմ։ Կարող էի չլինել վերջապես, որովհետև տեղը չէ ինձ համար կարևոր, ինձ համար իմ ասած գաղափարները շատ ավելի կարևոր են»: