Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները սկզբունքային համաձայնության են հանգել նոր կոալիցիայի ձևավորման վերաբերյալ, և այժմ կողմերի միջև բանակցությունները գնում են դետալների շուրջ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Հմայակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, ԲՀԿ անդամ չէ, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իրեն համարում է «ԲՀԿ քաղաքական թիմի անդամ»:
«Այսօր, ըստ էության, խոսքը գնում է այն մասին, որպեսզի ճշգրտվեն պայմանները, ևայստեղ է, որ այն մեկնաբանությունների տարբերությունը, որը արտաբերում են Հանրապետական կուսակցության ղեկավարները, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, վերաբերվում է դետալներին, և, ըստ էության խոսքը, կարող է գնալ համաձայնագրի մասին… պարտադիր չէ, որ անվանակոչվի կոալիցիա, կարող է լինել և համաձայնագիր», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ` ներկայումս ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են ճշտել մոտեցումները ամենառանցքային` վարչապետի թեկնածության հարցում:
«ԲՀԿ-ն, իհարկե, ցանկանում է, որպեսզի վարչապետի պաշտոնը տրվի ԲՀԿ-ին, և դրանով իսկ ՀՀԿ-ն անուղղակի ձևով ընդունի, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտում քաղաքական ուժերի ժողովրդի կողմից աջակցության իրական պատկերը, ուստի ՀՀԿ-ն, դա գիտակցելով, այդ հարցում ընդառաջ է գնում ԲՀԿ-ի պահանջին», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` եթե ՀՀԿ-ն չհամաձայնվեց վարչապետի աթոռի հարցում զիջման գնալ ԲՀԿ-ին, հնարավոր է, որ կառավարությունում ԲՀԿ-ական նախարարների թիվը աճի, քանի որ ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում ընդարձակվելու է ԲՀԿ-ի ներկայությունը: