Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանը մայիսի 25-ին` 52 օր անց դադարեցրել է հացադուլը: Այժմ նա գտնվում է Քրեակատարողական վարչության հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը:
Այժմ երիտասարդը գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:
«Տղայիս 60/30 արյան ճնշումով բերել են այստեղ ու կաթիլային սնուցումով փորձում են վիճակը կայունացնել: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, չգիտեմ ի՞նչ է կատարվում ներսում: Ինքը շատ թույլ է ու շատ նիհարած», – պատմել է մայրը, ով նշել է, որ իրեն ընդամենը մեկ անգամ են թույլ տվել տեսնել որդուն` կարգն է այդպիսին:
Վերականգնողական շրջանում գտնվող Սուրեն Կիրակոսյանին կաթիլային սնուցման հետ մեկտեղ թեթև սնունդ են նշանակել:
«Ես հյութեր, մրգեր, ապուրներ եմ բերում, մինչև տղաս լիովին կազդուրվի», – ասել է Կիրակոսյանը, ով մտավախություն ունի, որ վաղը, ամենայն հավանականությամբ, Սուրենին կրկին կտեղափոխեն Գորիս:
«Քանի որ հաջորդ դատական նիստը հետաձգել են հունիսի 1-ին, վաղը պարզ կլինի, թե ի՞նչ են անելու: Չեմ կարծում, թե այս վիճակով նրան կտեղափոխեն», – ասել է Կիրակոսյանը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասել էր, որ տղան 52 օր անասելի տանջանքներ է տարել՝ համարյա քայքայվել է ու աննկարագրելի տեսք ընդունել, բայց շատ կարևոր է, որ իրեն հաջողվեց որդուն համոզել դուրս գալ հացադուլից:
Նա նաև կարևորել էր, որ որդին կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ, քանի որ հացադուլից դուրս գալու ընթացքը նույնպես մի շարք բարդությունների հետ է կապված:
Հիշեցնենք, որ երիտասարդի ծառայության ընթացքում զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է եղել` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: