ՀՀՇ երիտասարդական միության երիտասարդները դատապարտում են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներին ազատազրկելու դատավճիռը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կոչ են արել ապօրինի դատավճռի դեմ դուրս գալ նաև այլ քաղաքական ու հասարակական ուժերի երիտասարդական թևերի:
ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանը լրագրողներին հիշեցրել է, որ փետրվարի 26-ին տեղի ունեցած մի խորհրդաժողովի ժամանակ բոլոր խոշոր քաղաքական ուժերի երիտթևերը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, արձանագրել են Հայաստանում առկա որոշակի խնդիրներ, և այդ խնդիրների դեմ պայքարի միասնական կամք են ցուցաբերել հայտարարության տեսքով:
Հայտարարության տակ ստորագրել են` «Ազատ դեմոկրատներ»-ի, ԲՀԿ-ի երիտասարդական միությունները, «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության երիտասարդական թևը, Հայաստանի ժողովրդավարական ազատական կուսակցության երիտասարդական թևը, ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության Արմենակ Երկարյանի ակումբը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական միությունը,
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, Հայոց Համազգային Շարժում կուսակցության երիտասարդական միությունը, Հայաստանի հասարակական խորհուրդ երիտասարդ մտավորականների հ/կ-ն, «Հիմա» նախաձեռնությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, ՕԵԿ երիտասարդական միությունը:
Մուսախանյանը կոչ է արել ստորագրած կազմակերպություններին հավատարիմ մնալ հայտարարությանը և սկզբունքային դիրքորոշում հայտնել երիտասարդներին ապօրինի դատապարտելու փաստի առնչությամբ: